Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հանդիպելով ՀՀ բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ, նշել է, որ պետությունը ստանձնել էր պարտավորություններ' որոշակի սոցիալական խմբերում ներգրավված ուսանողների կրթության մատչելիության ապահովման գործում:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, Աշոտյանն ուսանողներին տեղեկացրել է, որ այս տարի համապատասխան ծրագրով աջակցություն է ցուցաբերվել բուհերի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով 1070 ուսանողի (բակալավրի կրթական ծրագիր՝ 1030 ուսանող, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 40 ուսանող): Համաձայն ծրագրի, ուսման վարձի 50-100 տոկոս փոխհատուցման համար ահրաժեշտ ֆինանսական միջոցները կազմել են 223.800.800 դրամ:

 

 

Արմեն Աշոտյանը ուսխորհրդի ղեկավարներին հորդորել է ուշադիր լինել իրենց բուհի սոցիալապես անապահով ուսանողների նկատմամբ և աջակցել նախարարությանը' վերոնշյալ ուսանողների բացահայտման և պետության կողմից նպատակային աջակցությունը ճիշտ հասցեատերերին տրամադրելու գործում: Բացի այդ, նախարարը կոչ է արել ուսխորհրդին օգնել և հորդորել նաև վերոնշյալ ուսանողներին' ավելի բարձր առաջադիմություն ցուցաբերել:

 

 

Ի պատասխան մասնավոր բուհերի ուսանողների հարցադրման' նախարարը խոստացել է, որ հաջորդ տարի փորձ կարվի ստեղծել իրավական համապատախան հիմքեր' մասնավոր բուհերի ոսանողներին ևս ընդգրկելու պետության կողմից սոցիալական խմբերին հատկացվող աջակցության ծրագրերում:

 

 

Ընդհանուր առմամբ' ցանկում ընդգրկված է 21 բուհ, մասնավորապես, վարձի փոխհատուցում է տրամադրվել ԵՊՀ-232, ՀՊՄՀ-167, ՀՊՏՀ-90, ԵՊԲՀ-69 ուսանողի և այլն:

 

Ցանկում ընդգրկված են նաև մարզային բուհեր, մասնավորապես, ծրագրից օգտվել են Գավառի պետական համալսարանի 58, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 29, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի 82, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան Մանկավարժական ինստիտուտի 81, Գորիսի պետական համալսարանի 28 ուսանող: