Եվրոպայում չեն բացառում այն տարբերակը, որ ուկրաինական ճգնաժամի խորացումը կարող է հանգեցնել Հին մայրցամաքում նոր «Սառը պատերազմ»-ի մեկնարկին: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թոյբորն Յագլանդը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ նոր «Սառը պատերազմ»-ի առաջացումն իրական սցենար է, որը կարող է մեկնարկել ցանկացած պահի, եթե Ուկրաինայում հակամարտությունը չկարգավորվի:
«Ես չեմ կարծում, որ այժմ սառը պատերազմ է, ինչպիսին եղել է մինչ 1989 թվականը։ Սակայն մենք կարող ենք հասնել դրան, այդ իսկ պատճառով այժմ պետք է բոլոր ջանքերը ներդնել ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասել է Յագլանդը։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը միակը չէ, ով վերջին շրջանում խոսում է «Սառը պատերազմ»-ի հնարավոր մեկնարկի մասին:
Գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Արևմուտքը պատասխանատու է «Սառը պատերազմ» հիշեցնող գործողությունների համար։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլթենբերգը նույնպես խոսել է «Սառը պատերազմի» մասին' շեշտելով, որ Հյուսիս-ատլանտյան դաշինքը չի ցանկանում, որ աշխարհում կրկին մեկնարկի «Սառը պատերազմը»: Միաժամանակ, ՆԱՏՕ-ի անդամ երկրները դադարեցրել են քաղաքացիական եւ ռազմական որեւէ տեսակի համագործակցությունը ՌԴ-ի հետ: