ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում «Ախուրյան» երիտասարդական ՀԿ-ն իրականացնում է «Քո առողջությունը՝ քո ձեռքերում» ծրագիրը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նոյեմբերի 28-ին մեկնարկել է հակածխախոտային բուկլետների և պոստերների բաժանման փուլը: Առաջին այցը կատարվել է Շիրակի մարզի Ամասիա համայնք: Տեղում ՀԿ աշխատակիցները և կամավորները բնակիչներին են բաժանել հակածխախոտային բուկլետներ, որոնցում զետեղված է տեղեկատվություն ծխախոտի և երկրորդային ծխի վնասակարության ու դրա հետևանքների մասին:
Արձագանքը բավականին ազդեցիկ է եղել. բնակիչներից ոմանք նույնիսկ նշել են, որ ծխախոտը կարող է դառնալ իրենց ընտանիքի լուծարման պատճառ: Խումբը նաև այցելել է Ամասիայի համայնքապետարան, որտեղ նրանց են դիմավորել համայնքապետն ու աշխատակազմը: Նաև այցելել են համայնքում գործող սպասարկման օբյեկտներ՝ խանութներ, գրասենյակներ, հիվանդանոց, դպրոցներ, մանկապարտեզներ, զինկոմիսարիատ, որտեղ ևս բաժանել են բուկլետներ և փակցվեցին ծխախոտի վնասակար ազդեցությունը մատնանշող պոստերներ:
Ծրագրի նպատակն է հանրության շրջանում բարձրացնել իրազեկության մակարդակը ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ։
Ծրագիրն իրականացվում է Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Մարալիկ, Ախուրյան, Ամասիա և Աշոցք համայնքներում։