Թուրքիան Ադրբեջանին հրավիրել է մասնակցել G20 գագաթաժողովին, որը պետք է անցկացվի Անթալիայում 2015 թվականին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով TRTHaber-ը, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը:
Նրա խոսքով' Թուրքիան «Մեծ քսանյակը» գլխավորել է ընթացիկ տարվա դեկտեմբերից եւ Անկարայի համար «մեծ կարեւորություն ունեցող Ադրբեջանին» հրավիրել է կառույցում նախագահող երկրի իրավունքով:
Թուրք փոխվարչապետը հայտնել է, որ G20-ում Թուրքիայի նախագահության ժամանակաշրջանում Անկարան «հնարավոր կդարձնի «Մեծ քսանյակի» եւ նվազ զարգացած երկրների միջեւ տնտեսական անհավասարությանը նվիրված երկխոսությունը»:
Ներկա դրությամբ իր տնտեսական ներուժով Թուրքիան G20 երկրների մեջ զբաղեցնում է 16-րդ տեղը:
G20-ի մասնակիցներ են Ավստրալիան, Արգենտինան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան. Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ճապոնիան եւ Եվրոպական միությունը: