ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունեցել ինչպես հայերին առնչվող զեկույցների, այնպես էլ համաշխարհային նշանակության խնդիրների քննարկման ժամանակ: Այս մասին հայտնեցին պատվիրակության անդամները Ազգային ժողովում դեկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Քննարկումներ են ունեցել տարբեր զեկույցների շուրջ ու այդ զեկույցների առանձին կետերի վերաբերյալ հայտնել ենք մտահոգություններ: Դրանց առնչությամբ եղել է դրական արձագանք, զեկուցողներն առանձին դրույթների կապակցությամբ համաձայնել են վերախմբագրել նախապես ներկայացված տեքստը:
Զեկույցներից մեկում կար Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ կապված ոչ ճիշտ ձևակերպում, մենք կոչ արեցինք զեկուցողին, որ օգտագործի այն բառապաշարը, որն ընդունված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդության շրջանակում: Զեկուցողը համաձայն եց, որ պետք է այդ մասով վերախմբագրվի զեկույցը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:
Հաջորդ միջամտությունը հայաստանցի պատվիրակները կատարել են մեկ այլ զեկույցի ժամանակ, երբ Սիրիայում բնակվող հայերին ներկայացրել են որպես սիրիական պաշտպանական բանակում բավականին մեծ ներգրավվածություն ունեցող ազգային փոքրամասնություն: Ընդ որում' ներկայացվել են չորս խմբեր, որտեղ առանձին նշվել են քրիստոնյաներ ու հայեր: «Մենք բոլորի ուշադրությունը հրավիրեցիք այն փաստի վրա, որ կարծես թե միջազգային հնարությունը պետք է տեղյակ լինի, որ հայերը քրիստոնյաներ են, և Սիրիայում բնակվող հայերը չունեն նշանակալի ներգրավածություն Սիրիայի պաշտպանական բանակում»,-ասաց Կորյուն Նահապետյանը' հավելելով, որ այդ կապակցությամբ ևս եղել է ըմբռնում զեկուցողի կողմից ու կատարվել փոփոխություն:
Կորյուն Նահապետյանը նաև հայտնեց, որ ունեցել են հանդիպումներ ինչպես ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ղեկավարության, այնպես էլ այլ պատվիրակությունների հետ: «Վեհաժողովի ղեկավարության հետ քննարկել ենք Հայաստան-ՆԱՏՕ հետագա հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև հաջորդ տարի Երևանում կայանալիք Rose-Roth սեմինարի կազմակերպման հետ կապված խնդիրներ»,-ասաց պատգամավորը:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը նոյեմբերի 21-24-ը մասնակցել է Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին: