Բոլիվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթղթի շեշտադրումները շատ կարեւոր են: Դատապարտման հարցին զուգահեռ կարեւոր է այն հանգամանքը, որ փաստաթղթում ամրագրվել է հայրենազրկման փաստը: Նման դիտարկում արեց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը դեկտեմբերի 3-ին հրավիրված ասուլիսում: «Հայերը կոտորվել են իրենց հայրենիքում եւ կորցրել սեփական հայրենիքը' Արեւմտյան Հայաստանը: Սա կարեւոր ն րբություն է, որը պետք է հաշվի առնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Պետրոսյանը' հավելելով, որ Բոլիվիան եւ հեռու տարածաշրջանում գտնվող պետությունները ճանաչում են Ցեղասպանության փաստը, քանի որ Թուրքայի հետ շահերի բախում չունեն:

 

«Ի տարբերություն եվրոպական երկրների' Բոլիվիայի եւ Լատինական Ամերիկայի մի շարք պետությունների վրա Թուրքիան հակազդեցություն չունի, եւ Բոլիվիայում էլ Թուրքիայի վրա ազդելու լծակ չեն դիտարկում, ինչպես Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում»,- ասաց թուրքագետը' հավելելով, որ Հայոց ցեղասպանության հարցում անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանը փոխի ռազմավարությունն ու դիրքորոշումը:

 

«Որքան է կարեւոր է միջազգային ճանաչումը, ժամանակն է փոխել ռազմավարությունը: Ճանաչման հեռանկարը հուսալի չէ եւ պետք է փորձենք Ցեղասպանության հարցը տեղափոխել միջազգային իրավունքի դաշտ եւ միջազգային իրավական դաշտում հասկանալ, թե այդ ուղով հեռանկարներն ինչպիսին են»,- ասաց թուրքագետը' հավելելով, որ Հայաստանը պետք է դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ Հաագայի միջազգային դատարան եւ Հայոց ցեղասպանության փաստի առնչությամբ հայց ներկայացնի Թուրքիայի դեմ որպես Օսմանյան կայսրության ժառանգի:

 

Նոյեմբերի 26-ին Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված փաստաթղթերում, մասնավորապես հայտարարվում է. «1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը Օսմանյան կայսրության իշխանությունները, «Միություն և առաջադիմություն» կուսակցության առաջնորդները, երիտթուրքերը սկսեցին հայ մտավորականների, քաղաքական գործիչների, գիտնականների, գրողների, արվեստի գործիչների, հոգևորականների, բժիշկների, հասարակական գործիչների և մասնագետների ձերբակալությունները, ծրագրված աքսորները, իսկ այնուհետև' պատմական Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի տարածքներում հայազգի քաղաքացիական բնակչության զանգվածային ջարդերը»:

 

Խորհրդարանի երկու պալատները «հաստատում են իրենց հավատարմությունը մարդու իրավունքներին, ճշմարտության և արդարության արժեքներին, արտահայտում են իրենց զորակցությունը և դատապարտում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի դեմ իրականացված մարդկային ծանր հանցագործության ժխտողականության քաղաքականությունը»: