Բրիտանացի տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ արհեստական ինտելեկտի համակարգերի զարգացումն սպառնում է մարդկությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Լիարժեք արհեստական ինտելեկտի հայտնվելը կարող է դառնալ մարդկային ռասայի վերջը: Այդ բանականությունը կստանձնի նախաձեռնությունը և կսկսի ինքն իրեն կատարելագործել ավելի ու ավելի աճող արագությամբ: Մարդկանց հնարավորությունները սահմանափակ են չափազանց դանդաղ էվոլյուցիայի պատճառով, մենք չենք կարող ուժերով չափվել մեքենաների արագության հետ և տանուլ կտանք»,- ասել է գիտնականը BBC-ին տված հարցազրույցի ժամանակ:

 

Դրա հետ մեկտեղ, նա խոստովանում է, որ արհեստական ինտելեկտի՝ գոյություն ունեցող պրիմիտիվ ձևերն ապացուցել են իրենց օգտակարությունը: Գիտնականը զգուշանում է, որ մոտ ապագայում կստեղծվեն մեքենաներ, որոնք ունակ կլինեն գերազանցելու մարդուն:

 

Սթիվեն Հոքինգը Քեմբրիջի համալսարանի Տեսական տիեզերաբանության կենտրոնի ստեղծողն է և ղեկավարը: Նա մեր ժամանակների ամենահայտնի տեսաբան-ֆիզիկոսներից մեկն է: