Իրաքյան անվտանգության ուժերը հայտարարել են, որ Սալահ ադ Դին մարզում ռազմական ուժեր են կենտրոնացրել և պատրաստ են ռազմական գործողություններ սկսել մարզի հարավային հատվածների ուղղությամբ, որտեղ գտնվում են «Իսլամական պետության» դիրքերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իրաքյան ուժերը նպատակադրվել են ազատագրել Ահբաբ Թել Զահաբ շրջանը, որը համարվում է Սալահ ադ Դին մարզի ամենավտանգավոր շրջանը: Այնտեղ գտնվող ԻՊ-ի ռազմական հենակետում մարզումներ են անցկացվում:
Մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ անվտանգության ուժերն ազգային կամավորական ջոկատների հետ Թիրքիթի հարավում՝ Ազիզ բալադ շրջանում, հետևել են ԻՊ-ի գործողություններին, և ռազմական գործողություններ իրականացնելու արդյունքում սպանվել է ԻՊ-ի ռազմական ղեկավարներից Աբու Սալիհը:
Տեղեկություններ կան, որ իրաքյան ուժերը քրդական բեշմերգա ուժերի հետ ԻՊ-ի 40 անդամ են ոչնչացրել Մոսուլի հարավում գտնվող Քուիր շրջանում: Այն ամբողջովին ազատագրվել է ԻՊ-ից:
ԻՊ կազմակերպությունը ձևավորվել է 2006 թ., որում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: