Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ԱՄՆ-ին ուղղված հերթական «խայթիչ» հայտարարությամբ: Նա հայտարարել է, որ «ԱՄՆ-ի' Լուսին կազմակերպած թռիչքն առասպելից բացի այլ բան չէ, եւ աշխարհը պետք է իմանա «Ապոլոն»-ի հետ կապված իրականությունը»:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Իզմիրում ելույթի ժամանակ Թուրքիայի առաջնորդն ասել է, որ ԱՄՆ-ի տիեզերագնացները պետք է խոստովանեն, որ իրենք երբեք չեն եղել Լուսնի վրա: «Թռիչքը լուսին Հոլիվուդում ստեղծված բեմականացում է», -ասել է նա:

 

Էրդողանը դիմել է նաեւ այլ երկրների եւ իր այդ «պնդման» համար աջակցություն խնդրել: «Բոլոր պետությունների ղեկավարները պետք է իմանան այդ սուտը: Ես սարսափեցի, երբ իմացա դրա առասպել լինելը: Դա չի կարելի գաղտնի պահել», -հայտարարել է նա: Նա նաեւ խոստացել է, որ «ժամանակը գա' մի շարք գաղտնիքներ էլ է բացելու»:

 

Թուրքիան իսլամացնելու ուղի բռնած Էրդողանը երկրի նախագահի աթոռը զբաղեցնելուց հետո պարբերաբար հանդես է գալիս աղմուկ առաջացնող տարօրինակ հայտարարություններով: Նախորդ շաբաթ Էրդողանը հայտարարել էր, որ Ամերիկա աշխարհամասը ոչ թե Կոլումբոսն է հայտնաբերել 1478 թվականին, այլ նրանից 300 տարի առաջ' 1178 թվականին մահմեդական ճանապարհորդները: Իբրեւ իր խոսքերի «ապացույց»' Էրդողանը նշել է, թե Կոլումբոսը հիշատակել է Կուբայում գտնվող «մի սարի գագաթին տեսած մզկիթի» մասին:

 

Իսպանիայի ԶԼՄ-ները հայտնել են, որ Կոլումբոսի օրագրում ամենեւին նման հիշատակում չի եղել Կուբայում գտնվող լեռներից մեկի վրա գտնվող մզկիթի մասին: ԶԼՄ-ները Թուրքիայի նախագահին ներկայացրել են որպես իրականությունից հեռու առաջնորդի եւ պահանջել են ցույց տալ իրեղեն ապացույցներ իր հայտարարության վերաբերյալ:

 

«Կին-տղամարդ» առաջին միջազգային գագաթաժողովում էլ Էրդողանը հետեւյալ հակաֆեմինստական հայտարարությունն էր արել. «Կին-տղամարդ հավասարությունը հակասում է բնությանը: Կանանց հավասարություն պետք չէ: Նրանց անհրաժեշտ է միայն տղամարդկանց հետ նույն աստիճանի հարգանք ցուցաբերել»: