Գերմանիայի Քյոլն քաղաքի համալսարանում անցկացված «Ցեղասպանություն, արդարություն եւ առերեսում. 1915-ից մինչեւ Շենգալ ցեղասպանություններին' ոչ» համաժողովում Թուրքիային կոչ արվել ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության, նաեւ բոլոր ազգային փոքրամասնությունների դեմ իրագործած ցեղասպանությունների համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Եվրոպայի խաղաղության եւ ժողովրդավարության խորհուրդ» կազմակերպության առաջնորդությամբ կազմակերպված կոնֆերանսի' «Առերեսման ո՞ր աստիճանի վրա ենք: Ինչե՞ր կարող ենք անել» բաժնում քննարկվել է Թուրքիայում եւ աշխարհում ցեղասպանության, կոտորածների եւ դրանց ենթարկված ժողովուրդների փորձարկումների օրինակները:
Միջոցառմանն ունեցած ելույթում թուրքական «Նոր զարթոնք» կազմակերպության ներկայացուցիչ Ալեքս Քալքն անդրադարձել է Թուրքիայում հայերի եւ ասորիների ցեղասպանություններին: «Այս երկու ժողովուրդները 1915 թվականին ցեղասպանության են ենթարկվել Թուրքիայում: Նրանց ամեն կերպ ցանկացան վերացնել: Թուրքական պետությունն այդ կոտորոծաները շարունակեց նաեւ հետո: Թուրքացման քաղաքականությունը շարունակվում է մինչեւ այսօր: Այդ պատճառով հարյուր հազարավոր մարդ սպանվեց», -ասել է նա:
Նշելով, որ Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը, Քալքը թվարկել է այդ առերեսման համար հետեւյալ պահանջները. «Արդարություն եւ ճշմարտություն: Դրա համար թուրքական պետությունն առաջինը պետք է բացի Հայաստանի հետ սահմանը, սփյուռքում ապրող հայերին թույլ տա վերադառնալ իրենց հողեր, ճանաչի Ցեղասպանությունը եւ պատմության դասագրքերում ընդգրկի այդ թեման, հրապարակի 1915 թվականին հայերից խլված գույքի եւ ունեցվածքի չափը»:
Նա նաեւ նշել է, որ այսօր եզդիների եւ քրդերի կոտորածները ցույց են տալիս, որ դրանց պատճառը նախկին մարդասպաններից մինչ այժմ հաշիվ պահանջած չլինելն է:
Թուրքական AvEG-Kon կազմակերպության ներկայացուցիչ Բաքի Սելջուքն էլ, անդրադառնալով հայերի եւ ասորիներին կոտորածների հարցում Գերմանիայի դերին, հայտարարել է, որ Գերմանիան տեղյակ է եղել այդ ամենից: Քննադատելով թուրքական պետության կողմից բոլոր փոքրամասնությունների նկատմամբ իրագործված ցեղասպանությունները, Սելջուքը Թուրքիային կոչ է արել առերեսվել իր անցյալի հետ: