«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը չի պատրաստվում դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողով ներքին սպառման գազի սակագնի վերանայման հայտով: Այս մասին Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը:
Նշենք, որ ըստ լուրերի, ընկերությունը հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին կարող է դիմել հանձնաժողովին՝ գազի սակագնի «ճշգրտման» հայտով. «Այս պահի դրությամբ դրա անհրաժեշտությունը չկա, ճիշտ է՝ ընկերությունը փոխարժեքային վնասներ է կրում, սակայն դա դեռ հիմք չի հանդիսանում հրատապ դիմելու հանձնաժողովին»,- ասաց Սարդարյանը:
Բնական գազի՝ ներկայումս գործող սակագինն ընդունված է հաշվել 1 դոլարի դիմաց 416.5 դրամով և տարվա միջին փաստացի ցուցանիշը դեռևս չի գերազանցում այդ գումարը: Ըստ պաշտոնական գնահատականների՝ կուրսի տատանման ներկա գործընթացը տնտեսական իրավիճակի հետևանք չէ և կրում է ժամանակավոր բնույթ: Ընկերությունում հուսով են, որ այն շուտով կկարգավորվի:
«Մենք ևս հետևում ենք արժույթի շուկայում արձանագրվող գործընթաներին, քանի որ ընկերությունը ևս իր ռիսկերը հաշվարկելու խնդիր ունի՝ կապված ներկրվող բնական գազի դիմաց կատարվող դոլարային վճարումներին»,- ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատուն:
Ըստ «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ վնասներից խուսափելու համար գազի սակագինը, գործող փոխարժեքի պայմաններում, պետք է բարձրանա առնվազն 5.7 տոկոսով և յուրաքանչյուր խմ գազը սպառողներին պետք է վաճառվի ոչ թե 156 դրամով, ինչպես այժմ է, այլ 164 դրամով:
Ըստ թերթի՝ սակագնի բարձրացման անհրաժեշտությունը գրեթե համընկնում է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության ժամկետին: Այդ դեպքում չի բացառվում, որ քաղաքական որոշման արդյունքում սակագնի բարձրացումը հետաձգվի առնվազն մինչև 2015-ի ամառ: