Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի, ինչպես նաև արտգործնախարար Ուալիդ ալ Մուալլեմի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը, Բոգդանովը նախագահ Ասադին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանավոր խոսքը երկկողմ հարաբերությունների և երկու երկրների միջև համագործակցության, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում նրա կողքին կանգնելու' Ռուսաստանի աջակցության շարունակման վերաբերյալ:

 

Նախագահ Ասադը հաստատել է, որ Ռուսաստանը մշատպես իր կողքին է եղել, աջակցել է իր ժողովրդին, հարգել է պետության ինքիշխանությունը և միջազգային իրավունքները: «Սիրիան դրական է վերաբերվում Ռուսաստանի ջանքերին' խաղաղ ճանապարհով ճգնաժամից դուրս գալու հարցում»,- հայտարարել է Բաշար ալ Ասադը: Հանդիպման ընթացքում նաև քննարկվել է միջսիրիական բանակցությունների անցկացման համար Մոսկվան որպես հարթակ տրամադրելու մասին հարցը, որը կարևոր քայլ կլինի ճգնաժամից դուրս գալու համար:

 

Ասադը նաև նշել է, որ ցանկացած հաջողության հասնելու համար առաջին հերթին պետք է լուրջ քայլեր ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարելու և ծայրահեղականներին աջակցող երկրների վրա ճնշում գործադրելու հարցում: