Հայաստանը և Ռուսաստանը կրթական մակարդակով սերտացնում են համագործակցությունը պետական կառավարման ոլորտում: Դեկտեմբերի 11-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և «ՌԴ Նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիա» բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային կրթական հաստատության մասնաճյուղի՝ Հյուսիս-արևմտյան կառավարման ինստ իտուտի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր:

 

Հուշագիրը ստորագրեցին երկու կրթական հաստատությունների ղեկավարները՝ Արսեն Լոքյանը և Վլադիմիր Շամախովը: Հուշագրի նպատակն է կազմակերպել և զարգացնել կրթական և ակադեմիական համագործակցությունը կրթական հաստատությունների միջև՝ խթանելով փոխշահավետ համագործակցությունը և ակադեմիական ու մասնագիտական փորձի փոխանակումը:

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը հույս հայտնեց, որ ստորագրված հուշագիրը հնարավորություն կտա երկար տարիներ զարգացնել երկխոսությունը և համագործակցությունը երկու կրթական հաստատությունների միջև: «Մենք բարձր ենք գնահատում այն բարձր մակարդակի հարաբերությունները, որոնք ձևավորվել են Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի և Ռուսաստանի Հյուսիս-արևմտյան կառավարման ինստիտուտի միջև: Հայաստանի և Ռուսաստանի կրթական համակարգերն ունեն պատմական արմատներ, ինչպես նաև հա մատեղ համագործակցության երկար տարիների փորձ: Ստորագրված հուշագրով մենք նախատեսում ենք իրականացնել համատեղ գիտահետազոտական աշխատանքներ, համագործակցություն կրթական ծրագրերի իրականացման համար, կադրերի համատեղ պատրաստում և վերապատրաստում, պետական ծառայողների որակավորման բարձրացում: Կփոխանակվենք նաև փորձով, ինչպես նաև մագիստրոսներով և ասպիրանտներով: Ես համոզված եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն արդեն մոտ ապագայում»,- եզրափակեց Լոքյանը:

 

«ՌԴ Նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիա» բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային կրթական հաստատության մասնաճյուղի՝ Հյուսիս-արևմտյան կառավարման ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Շամախովն ընդգծեց, որ այսօր նշանակալի օր է, քանի որ պետական ծառայողներ պատրաստող՝ Հայաստանի և Ռուսաստանի առաջատար բուհերի միջև ստորագրվում է փոխըմբռնման հուշագիր: «Մենք ամրապն դում ենք մեր կապերը և համագործակցությունը պաշտոնական ակտով: Սա մեզ իրական հնարավորություն է տալիս առաջին հերթին փոխանակվել փորձով բոլոր այն ուղղություններով, որոնք ամրագրված են հուշագրում: Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ մեր բարի հարաբերությունները կխորանան ոչ միայն գործընկերային պայմանագրերի, այլ նաև իսկական ընկերություն ձևավորելու եղանակով»,- ասաց նա:

 

Նա ընդգծեց, որ իրենք արդեն իսկ կարող են մի քանի կրթական ծրագրեր առաջարկել ՀՀ պետական կառավարման ակադեմիային: «Մենք արդեն երկար տարիներ աշխատում ենք եվրասիական զարգացման ուղղությամբ: Մենք նույնիսկ Եվրասիական զարգացման կենտրոն ենք ստեղծել, իսկ մեր երիտասարդ ուսանողները ստեղծել են Եվրասիական երիտասարդական ասոցիացիա, որում ակտիվ գործունեություն են ծավալում: Երկրորդ ուղղությունը, որը ես կցանկանայի նշել՝ մաքսային գործն է, տնտեսությունը և լոգիստիկան: Մենք արդեն 14 տարի պատրաստում ենք նաև մաքսային ծառայողներ, տնտեսագետներ, լոգիստիկայի մասնագետներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ՝ կարծում ենք, որ ձեզ կարող է հետաքրքրել այս ոլորտում մեզ հետ համագործակցությունը, ինչպես պետական ոլորտում աշխատելու, այնպես էլ բիզնեսի համար մասնագետներ պատրաստելու հարցում:

 

Մենք, ինչպես և հետխորհրդային բոլոր երկրների պետական կառավարման ակադեմիաները, սկզբում աշխատում էինք միայն պետական ոլորտում, սակայն արդեն մի քանի տարի է՝ մենք աշխատում ենք նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ, և կարող եմ ասել, որ պետական և մասնավոր ոլորտների շփումները իրենց դրական արդյունքն են տալիս: Այստեղ էլ, կարծում եմ, մենք կարող ենք գտնել համագործակցության իրական եզրեր: Մինչ այս հուշագրի ստորագրումը, մենք արդեն հասցրել ենք ծանոթանալ նաև Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի հնարավորություններին և ինչ-որ բաներ անպայման կվերցնենք»,- եզրափակեց Շամախովը:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանն էլ ուրախություն հայտնեց, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրում Ռուսաստանում հայտնի բուհի հետ, որը իր դասախոսական պրոֆեսիոնալ անձնակազմով, գիտական հիասքանչ բազայով և հնարավորություններով կյանքի է կոչում նորարարական բազմաթիվ ծրագրեր: «Կարող եմ ասել, որ դուք միանգամայն իրավացի եք, որ հետխորհրդային տարածքում ձևավորված և պետական ոլորտում աշխատող կառավարման ակադեմիաները պետք է աշխատեն նաև մասնավոր սեկտորի հետ և սերտ համագործակցություն ձևավորեն մասնավոր և պետական ոլորտների միջև, որովհետև դա շատ կարևոր նշանակություն ունի: Հայաստանի պետական կառավարման ակադեմիան ևս ցանկանում է շարժվել այդ ուղղությամբ: Այս պահին մենք աշխատում ենք ակադեմիան նոր, ժամանակակից և հարմարավետ մասնաշենք տեղափոխելու վրա և հույս ունենք, որ արդեն 2015թ. ամբողջությամբ կավարտենք այդ աշխատանքները: Շատ կարևոր է, որ դրան զուգահեռ աշխատանքներ են տարվում ակադեմիան գիտական բազայով հարստացնելու ուղղությամբ և ես վստահ եմ, որ այսօր ստորագրված համաձայնագիրը դրան կնպաստի: Մենք իրականացնում ենք քաղաքականություն, որը միտված է ակադեմիայի միջազգային կապերի և համագործակցության ընդլայնմանը»,- նշեց Սարգսյանը:

 

Վիգեն Սարգսյանտ նաև ընդգծեց, որ ակադեմիան նպատակ ունի օգտագործել համաշխարհային լավագույն փորձը և այն կիրառել, օգտագործել Հայաստանում: Նա տեղեկացրեց, որ ակադեմիայի բազայի վրա տեղակայվելու է ՀՀ նախագահի մեծ գրադարանը, որը հետազոտական գրադարան կլինի պետական կառավարման մասնագետների համար: