Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամը դեկտեմբերի 15-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) 10 մարզային կենտրոններին է նվիրաբերել 10 պրոյեկտոր և 10 դյուրակիր համակարգիչ։

 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառ այությունից, Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի հայաստանյան թիմի ղեկավար Ֆայտ Գեյզենհուսը նշել է, որ հատկացված տեխնիկան կնպաստի ՀԵՀ մարզային կենտրոնների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

 

ՀՀ կենտրոնական բանկի, Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև համագործակցության արդյունքում Արագածոտնի, Արմավիրի և Վայոց ձորի մարզերում իրականացվել են ուսուցանողների թրեյնինգներ՝ ֆինանսական գրագիտության բարձրացման վերաբերյալ։

 

Մասնակցել են ՀԵՀ մարզային կենտրոնների աշխատակիցներ, կամավորներ, ովքեր զինվել են իրենց համայնքներում բնակչության ֆինանսական գիտելիքների մակարդակը բարձրացնելու համապ ատասխան գիտելիքներով և հմտություններով։ Այս սեմինարները շարունակվելու են նաև մյուս մարզերում։

 

Հիմնադրամները համատեղ ծրագրեր են իրականացրել նաև այլ նախագծերի շրջանակներում։

Ֆայտ Գեյզենհուսն ընդգծել է, թե իրենց նպատակն է օգնել հատկապես անցումային փուլում գտնվող երկրներին և կրճատել աղքատության ծավալները:

 

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հայաստանում ամենամեծ ցանցն ունեցող կազմակերպություններից է, ահա թե ինչու համագործակցության համար ընտրեցինք այս կառույցը։ Մենք ծրագրեր ենք իրականացնում ամբողջ աշխարհում։ Մենք հավատում ենք անհատի' փոփոխություններ կատարելու կարողություններին և վստահ ենք, որ ամեն ինչ հենց անհատից է կախված»,- ասել է Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի հայաստանյան թիմի ղեկավար Ֆայտ Գեյզենհուսը՝ հատկապես ընդգծելով, որ իրենք աշխատանքներ են տանում ոչ միայն Երևանում, այլև հանրապետության մարզերում։

 

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը բարձր է գնահատել Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի հետ գործակցությունը։ Նա նշել է, որ ՀԵՀ-ը համագործակցության մեծ փորձ ունի միջազգային կառույցների հետ՝ Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամ, ԱՄՆ խաղաղության կորպուս, AIESEC, Վրաստանի երեխաների և երիտասարդության զարգացման հիմնադրամ, Համաշխարհային համալսարանական սպորտի ֆեդերացիա, Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամ, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ, Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտ (Netherlands Institute for Multiparty Democracy), ուսանողական մի շարք միջազգային կառույցներ։

 

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ճանաչված, վստահելի գործընկեր է, և բազմաթիվ միջազգային կառույցներ են մեզ դիմում առողջապահական, կրթական, զարգացման և բազմաբնույթ այլ նախագծերի շրջանակներում համագործակցության համար։ Տարեցտարի այդ կառույցների թիվն ավելանում է։

 

Եվ սա պատահական չէ, քանի որ հիմնադրամի ռեսուրսն ապացուցել է իր մեծ կարողությունները. ՀԵՀ-ի միայն կամավորներով շատ խնդիրներ այսօր կարելի է լուծել։ Մենք բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք ծավալային են նշանակությամբ և ազդեցությամբ»,- նշել է Կարեն Ավագյանը։