Հայաստանի սպառողական շուկայում դրամի արժեզրկումից հետո թանկացումները նոր թափ են ստացել: Եթե մինչև նոյեմբեր ամիսը գնաճ էր նկատվում հատուկենտ ապրանքների մասով, ապա դեկտեմբերի երկրորդ 10-օրյակից հետո գրեթե բոլոր ապրանքների գները բարձրացել են: Պարզելու համար, թե որ արտադրանքներն են հիմնականում թանկացել' «Արմենպրես»-ը դեկտեմբերի 17-ի երեկոյան դիտարկումներ է անցկացրել Երևանի մի քանի առևտրի կենտրոններում:

 

Նախ փորձեցինք հասկանալ' ինչպես են փոփոխվել առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գները: Առաջին կանգառը հացամթերքի բաժնում էր: Որոշ խանութներում հացամթերքի տաղավարում դեռևս փակցված էին նախկին գները, սակայն հաշվիչ մեքենային մոտեցնալուց հետո պարզ էր դառնում, որ հացն արժե ավելի, քան տաղավարում փակցված գինն է: Հացի տարբեր տեսակները թանկացել էին միջինում 20-30 դրամով, իսկ լավաշի մեկ հատը' միջինում 10 դրամով: Ձվի գինը, կախված չափից, տատանվում էր 70-80 դրամի շրջանակում: Բրնձի մեկ կիլոգրամն արժեր 1000-1100 դրամ, այնինչ նոյեմբերին բրնձի միջին գինը տարբեր առևտրի կենտրոններում 650-860 դրամ էր: Շաքարավազի գինը նախկին 330-350 դրամի փոխարեն կազմում էր 490-520 դրամ:

 

Զգալի էր նաև բուսական յուղի գների աճը: Տարբեր ապրանքանիշերի մեկ լիտր բուսակայն յուղն արժե 950-1100 դրամ, թեև օրեր առաջ այն հնարավոր էր գնել միջինում 800 դրամով: Թանկացումը նկատելի էր կաթնամթերքի բաժնում, որտեղ, օրինակ, մածունի կես լիտրն արժեր 320-330 դրամ, մինչդեռ, նախորդ շաբաթ այն վաճառվում էր 260 դրամով: Թթվասերի 450-500 գրամը արժեր միջինում 510 դրամ' նախկին 460 դրամի փոխարեն:

 

Հավի բուդը կիլոգրամի համար նախկին 850-900 դրամի փոխարեն վաճառվում էր 1200-1300 դրամով: Տավարի մսի 1 կիլոգրամի գինը տարբեր առևտրի կենտրոններում տատանվում էր 3000-4000 դրամի շրջանակում, իսկ խոզի միսն արժեր 3800-4100 դրամ: Հայկական արտադրության երշիկների կիլոգրամի գինը տատանվում էր 2500-3300 դրամի սահմաններում, իսկ խոզապուխտի գինը բարձր էր 4500 դրամից և հասնում էր 6500 դրամի:

 

Թանկացումն ակնհայտ էր ընդեղենի բաժնում, որտեղ ընկույզն արժեր միջինում 10 000 դրամ, նուշը' 6800-7000 դրամ, պնդուկը' 6900-7300 դրամ, իսկ պիստակի մեկ կիլոգրամի գինը միջինում 7500- 7600 դրամ էր:

 

Չնայած գների նման աճին, առևտրի կետերում գնորդների պակաս չէր զգացվում: Մարդիկ շտապում էին կատարել ամանորյա սեղանի համար անհրաժեշտ գնումները և պատրաստվել տոներին: