ԱՄՆ-ի իշխանությունները շուրջ 1,6 տրլն դոլար են ծախսել Իրաքում եւ Աֆղանստանում մարտական գործողությունների եւ ահաբեկչության դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Կոնգրեսի Հետազոտական ծառայության զեկույցում:

 

Փաստաթղթում, որից մեջբերումներ Է արել Bloomberg գործակալությունը, նշվում Է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների պահից մինչեւ 2014 թվականի սեպտեմբեր Կոնգրեսը 815 մլրդ դոլար Է հատկացրել Իրաքում մղվող պատերազմի, 686 մլրդ դոլար՝ Աֆղանստանում մարտական գործողությունների եւ ահաբեկիչների դեմ մի շարք գործողությունների, 81 մլրդ դոլար՝ այլ ծախսերի համար, որոնք ուղղակիորեն կապված են մարտական գործողությունների հետ: 27 մլրդ դոլար օգտագործվել Է օդից ԱՄՆ-ի տարածքի պարեկման Noble Eagle ծրագրի ֆինանսավորման համար:

 

Bloomberg-ը, հղում անելով Պենտագոնի տեղեկատվությանը, գրում Է, որ նշված ժամանակաշրջանում Իրաքում զոհվել Է ԱՄՆ-ի 4 հազար 491 քաղաքացի, իսկ ավելի քան 32 հազարը վերքեր են ստացել:

 

Աֆղանստանում զոհվել են 2 հազար 356 ամերիկացիներ, վիրավորվել՝ ավելի քան 20 հազարը:

 

Բացի այդ, Իրաքում եւ Աֆղանստանում ծառայած ավելի քան 128 հազար ամերիկացի զինվորականներ հոգեկան լուրջ խանգարումներ են ստացել՝ կապված ուժեղ սթրեսի հետ:

 

Զեկույցի հեղինակ Էմմի Բելասկոն ընդգծում Է, որ պատերազմական ծախսերը հաշվելիս ուշադրության չեն առնվել մի շարք գործոններ: Խոսքը, օրինակ, այն զինվորականների բուժման ծախսերի մասին Է, որոնք հաշմանդամ են դարձել պատերազմում, ինչպես նաեւ պաշտպանության լրացուցիչ ծախսերի մասին, որոնք պայմանավորված Էին Իրաքում եւ Աֆղանստանում մղվող պատերազմներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: