Ըստ ՀՅԴ ԳՄ-ի որոշման՝ իրենք առաջիկա նախագահական ընտրություններում չեն ունենա իրենց թեկնածուն, բայց քաղաքականությունից դուրս չեն գալիս և ավելի աչալուրջ, հետամուտ և օբյեկտիվ են լինելու: ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանից այսօր Lurer.com-ը հետաքրքրվեց՝ ինչպես է նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում դրսևորվում ՀՅԴ-ի ակտիվությունը, վերջինս պատասխանեց.

«Ակտիվ մասնակցություն ասելով մենք հասկանում ենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ մենք շահագրգիռ լինենք, մեզ հասու բոլոր եղանակներով և միջոցներով մեր կուսակցության դիրքորոշումները ներկայացնել հանրությանը և հարկ եղած դեպքում արձագանքել ինչ-ինչ հանգամանքներում, ընտրական հանձնաժողովներում մեր անդամների միջոցով ապահովել ընտրությունների ազնիվ և արդար անցկացնումը»:

Հարցին, թե, օրինակ, ՀՅԴ-ն ինչ է մտածում հացադուլ հայտարարած թեկնածուների մասին Արսեն Համբարձումյանը ասաց, որ թեև դա իրենց իրավունքն է, բայց չի կարծում, որ հացադուլը կարող է բարձրացված հարցերին լուծումներ տալ.

«Թեկնածուների վերաբերյալ հատուկ դիրքորոշում չունենք: Իրենց պատկերացրած մարտավարությունն է, իրենք են որոշում, թե պայքարի ինչ եղանակ ընտրեն: Մենք ընդունում ենք դա՝ առ գիտություն: Ես չեմ կարծում, որ հացադուլով հնարավոր է բարձրացված հարցերին լուծումներ տալ, բայց դա իրենց իրավունքն է, պայքարի այս ձևով ուշադրություն հրավիրել բարձրացված հարցերի վրա: Կոնկրետ ինչ արդյունք կտա դա էլ ժամանակը ցույց կտա»:

Lurer.com-ը Արսեն Համբարձումյանից հետաքրքրվեց նաև, թե ինչքանով են համապատասխանում իրականությանը տարածված այն լուրերը, թե ՀՅԴ-ականներն աշխատում են գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին, մասնավորապես՝ այսօր «Հրապարակ»-ը գրել էր. ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված նախկին գյուղնախարար, Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արամայիս Գրիգորյանն ու նրա եղբայրը՝ ԱԺ անկախ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, նախօրեին փոխմարզպետի ուղեկցությամբ եղել են մարզի գյուղերում, հանդիպումներ ունեցել գյուղապետարանի աշխատակիցների, դպրոցների կոլեկտիվների հետ, ապա, գյուղացիների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանին ընտրելու դիմաց խոստացել էժան գնով՝ 6 հազար դրամով, ազոտական պարարտանյութ տալ, ինչպես նաև վարելահողերի համար նախատեսվող՝ կրկին շուկայականից էժան գնով վառելանյութ տրամադրել Արսեն Համբարձումյանը նշեց. «Ո՛չ Արայիկ Գրիգորյանը, և ո՛չ էլ Արամայիս Գրիգորյանը երբևէ Դաշնակցության անդամ չեն եղել, եթե ինչ որ ժամանակ այդ մարդիկ մեր խմբակցության անդամ են եղել չի նշանակում դաշնակցական են եղել: Նրանք երբևէ ՀՅԴ անդամ չեն եղել,- ասաց Արսեն Համբարձումյանը և հավելեց,- Դաշնակցությունը կայացրել է իր որոշումը, իսկ կուսակցականները հետևում են կայացրած որոշմանը: Բացառում եմ որևէ դաշնակցական մասնակցի, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի քարոզարշավին: Իսկ եթե այդպիսի դեպքեր, ամեն դեպքում, լինեն, բնականաբար, համապատասխան որոշումներ կկայացվեն: Ես նման դեպքեր չգիտեմ, և այդ տեղեկատվությունները հերթական անգամ դաշնակցությանը ցեխոտելու փորձ են, որովհետև մարդիկ անընդհատ ուզում են համեմատության եզրեր գտնել ՀՅԴ-ի և այլ քաղաքական ուժերի հետ, բայց եթե փորձենք արձանագրել իրականությունը, «Դաշնակցություն»-ը շահեկանորեն տարբերվում է»:

Նելլի Ավետիսյան