Դարբնիկ գյուղում բնակվող փախստական ու հայրենադարձ ընտանիքներն ստացել են ամանորյա նվերներ' երիտասարդների կազմակերպած բարեգործական ակցիայի շնորհիվ:
Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) «Ձեռք ձեռքի' Դարբնիկի համար» բարեգործական ձեռնարկի շնորհիվ, որի նպատակն էր Ամանորի նախաշեմին դույզն-ինչ թեթևացնել կարիքավոր ընտանիքների հոգսերը, դեկտեմբերի 22-ին Դարբնիկ գյուղի բնակիչներին բաշխվել է ավելի քան 16 արկղ հագուստ, 7 արկղ խաղալիք, գրենական պիտույքներ և առաջին անհրաժեշտության այլ իրեր:
«Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Երիտասարդական ակումբների դաշնությանը, որն արդեն երկրորդ անգամ է այցելում մեր գյուղ և օգնում դժվարին պայմաններում ապրող ընտանիքներին»,- նշել է Դարբնիկի գյուղապետ Դավիթ Գզիրյանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԵԱԴ-ից, Դարբնիկի երեխաներն էլ իրենց շնորհակալությունը հայտնել են փոքրիկ ամանորյա միջոցառման միջոցով:
«Դարբնիկի դպրոցահասակ երեխաների պատրաստած ամանորյա փոքրիկ միջոցառումը հագեցած էր հայրենասիրության ոգով ու լավագույն փոխհատուցումն էր մեր կազմակերպության կամավորների, բազմաթիվ բարերարների կատարած աշխատանքի դիմաց», - ասաց ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը' ավելացնելով, որ նրանք արդեն սեփական Հայրենիքում են և սեփական օրինակով հայրենասիրության դասեր են տալիս շատերին:
Երիտասարդական ակումբների դաշնության այս նախաձեռնությանը միացել և իրենց ներդրումն են ունեցել նաև Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ն, Արարատյան Հայրապետական թեմը, Չարենցավանի երիտասարդական ակումբը, «Բարեկամություն» հասարակական կազմակերպությունը, Երևանի կանանց միջազգային միավորումը, մի շարք անհատներ Հայաստանից ու Սփյուռքից:
Դարբնիկը փոքրիկ գյուղ է Արարատի մարզում, որի շուրջ 1400 բնակիչների 90 տոկոսը Հայաստանում ապաստան գտած սիրիահայ, իրաքահայ և ադրբեջանահայ ընտանիքներ են: Այս անձիք, անցնելով դժվարին և վտանգավոր պայմանների միջով, հաստատվել են Հայրենիքում: Նրանց կենսապայմանները բարվոք չեն, տրանսպորտի խնդիրը նույնպես դեռևս չլուծված առաջնային խնդիրների շարքում է: Այս ամենի հետ մեկտեղ, Դարբնիկում բնակվող փախստական ընտանիքներն ունեն նաև հասարակական-քաղաքացիական կյանքում ներգրավվելու խնդիր: