«Հին Երեւան» նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանը ներկայում Շվեյցարիայում բանակցում է ներդրողների հետ եւ ներկայացնում հայկական կողմի առաջարկությունները: Այդ առաջարկությունները ներկայացնելուց եւ նրանց տեսակետը լսելուց հետո արդեն կմշակվի ծրագիր եւ նախատեսվում է, որ «Հին Երեւան» նախագծի իրականա ցման շուրջ աշխատանքները կմեկնարկեն մարտի վերջից:

 

Այս մասին հայտարարեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը' տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում: Նրա գնահատմամբ' նախագիծը շատ կարեւոր է Երեւանի համար, քանի որ մի հատվածում կհավաքվեն Երեւանի բոլոր հին շենքերը:

 

«Հին Երեւան» նախագիծը հաստատվել է 2005թ.: Քաղաքաշինական խորհրդում նախագիծը ստացել է լիակատար հավանություն եւ հաստատվել է որպես Երեւանի գլխավոր հատակագծի մաս: «Այս ամենին ես մասնակցություն չեմ ունեցել: Գաղափարն ընդունվել է և որոշվել, որ Երեւանի տարբեր տարիների, նաեւ Թամանյանի շրջանի բազմաթիվ շենքերի համամասնությամբ կառուցվի թաղամաս, ինչպես Վրաստանում եւ մնացած այլ երկրներում:

 

Այդ նախագիծն ընդունվել է որպես դրական մոտեցում խնդիրների լուծմանը: Երբ եկավ այդ նախագծի իրականացման ժամանակը, կնքեցինք պայմանագիր ներդրողի հետ : Տարբեր մարդիկ այդ առնչությամբ տարբեր կարծիք են հնչեցնում: Դա նրանց իրավունքն է: Դուք չեք կարող նշել որեւէ ծրագիր, որեւէ կառույց, որտեղ դժգոհություններ չլինեն: Միշտ եղել է' Մարզահամերգային համալիրի կառուցման ժամանակ, «Արարատ» կինթատրոնի, Օպերայի կառուցման ժամանակ: Դա նորմալ է, քանի որ քաղաքը որեւէ մեկի սեփականությունը չէ»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

 

Երբ հղացավ «Հին Երեւան» նախագծի միտքը, Երեւանում արդեն ապամոնտաժված էր 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի ճարտարապետությանը պատկանող 12 շենք: «Հին Երեւան» նախագիծն ունի 320մ երկարություն եւ 60մ լայնություն' վերգետնյա 3 եւ ստորգետնյա 2 հարկեր: Նախագծի հաստատման ժամանակ տարածքը բաժանվել է լոտտերի, կատարվել աճուրդ եւ այժմ մասնավոր ներդրողների գումարներով պետք է իրականացվի նախագծի կառուցումը: