Հայ լրագրողները կարող են մասնակցել «Ռոստելեկոմի» լրագրողների IV ամենամյա մրցույթին: Այս մասին դեկտեմբերի 23-ին լրագրողներին տեղեկացրեց «Տեխնոլոգիաներ կյանքի համար. ինտերնետը լույսի արագությամբ» խորագրով մրցույթի համակարգող Իրինա Ժաբրովան:
«Շատ ուրախ ենք, որ մեր ծրագրին միացել է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն, ինչի շնորհիվ լրագրողների մրցույթը դառնում է միջազգային: Այն իրականացվում է 2011թ.-ից և տարեկան հավաքում է ռուսաստանցի լրագրողների 500-ից ավելի աշխատանքներ: Հայաստանից ակնկալում ենք ակտիվ մասնակցություն. կընտրվի հայ լրագրողների լավագույն մեկ աշխատանք», - նշեց Իրինա Ժաբրովան:
Նա հավելեց, որ մրցույթն անցկացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների տարբեր ոլորտներում կիրառման առավել օբյեկտիվ և որակյալ լուսաբանմանը ԶԼՄ-ների և բլոգերների ուշադրությունը հրավիրելու նպատակով: Գլխավոր մրցանակակիրը 2015թ. աշնանը կմեկնի Huawei ընկերության' Չինաստանի Շենչժեն քաղաքում գործող գլխամասային ստորաբաժանում ռուսաստանյան պատվիրակության կազմում:
«Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանի լրագրողները ևս հրանավորություն ստացան ընգրկվել այս մրցույթում, քանի որ մեզ մոտ լրագրողները շատ ակտիվ լուսաբանում են ՏՏ ու հեռահաղորդակցության ոլորտը: Այդ իսկ առիթով մենք նպատակահարմար գտանք, որպեսզի հայաստանյան լրագրողները հնարավորություն ստանան մասնակցելու այս մրցույթին», - նկատեց ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել www.smi.rt.ru կայքում: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2015թ. ապրիլի 10-ը: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ԶԼՄ-ները, որոնք լուսաբանում են ՏՏ ոլորտը՝ տպագիր մամուլ (պարբերականներ, ամսագրեր), ռադիո և հեռուստատեսություն, առցանց մամուլ (այդ թվում նաև լրատվական գործակալություններ), սոցիալական մեդիահարթակներ (բլոգերներ), ֆոտոլրագրողներ: Մայիսին ժյուրին կընտրի հաղթողին, ով կմեկնի Չինաստան:
«Ռոստելեկոմը» մրցույթը կազմակերպել է Huawei ընկերության, Էլեկտրոնային հաղորդակցության ասոցիացիայի (РАЭК, Ռուսաստան ), «Միխայլով և գործընկերներ» ընկերության հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նաև առաջատար ռուսաստանյան և հայկական ԶԼՄ-ների տեղեկատվական աջակցությամբ: