Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատվիրակությունը, վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորությամբ, 2014 թվականի դեկտեմբերին Բրյուսելում մասնակցել է Եվրամիության TRACECA ծրագրի քաղաքացիական ավիացիայի բնագավառի երկրորդ նախագծի համակարգող հանձնաժողովի նիստին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՔԱ ԳՎ մամուլի ծառայությունից,Եվրամիության TRACECA ծրագրի քաղաքացիական ավիացիայի բնագավառի երկրորդ նախագծի շրջանակներում կոորդինացնող հանձնաժողովի 5-րդ նիստին ներկայացվել է կատարված աշխատանքների վերաբերյալ ընդլայնված հաշվետվությունը, քննարկվել է ծրագրի շրջանակներում Եվրամիության TRACECA ծրագրի քաղաքացիական ավիացիայի բնագավառի երկրորդ նախագծի շրջանակներում հետագա աշխատանքների ծրագիրը:

 

Մասնավորապես, նշվել է, որ ներկայումս ընթացող ծրագիրը կավարտվի 2015 թվականի օգոստոսին, որից հետո 2015 թվականի աշնանը նախատեսվում է նոր ծրագրի մեկնարկման համար համապատասխան պայմանագրի քննարկումը և ստորագրումը Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) և Եվրոպական հանձնաժողովի միջև:

 

Հայկական պատվիրակությունն առաջարկել է, որպեսզի ծրագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերվի Հայաստանում ավիացիոն անվտանգության ուսումնական լսարանի պատրաստման հարցում, քանի որ համապատասխան սարքավորումներով համալրված կենտրոնի և ուսուցման ապահովումը կբերի որակյալ մասնագետների պատրաստմանը և ավիացիոն անվտանգության մակարդակի բարձրացմանը:

 

TRACECA ծրագրի պատասխանատուները նշել են, որ մոտ ժամանակահատվածում այդ հարցը հնարավոր չէ ընդգրկել ավարտվող ծրագրում, սակայն վերջիններս կապահովեն հաջորդ ծրագրում հայկական կողմի առաջարկության ընդգր կումը:

 

Հայկական պատվիրակությունը խնդրել է, որպեսզի այդ առաջարկությունը և ծրագրի պատասխանատուների պատրաստակամությունն ամրագրվի նիստի արձանագրության մեջ, ինչն էլ ընդունվել է կազմակերպիչների կողմից: