Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում մի քանի ոլորտներում՝ շաքարավազի, կարագի, ալյուրի, ձեթի, կաթնամթերքի, ձվի, բենզինի շուկաներում, որտեղ գործունեություն են իրականացնում խոշոր ընկերություններ:

 

ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ գնագոյացման հաշվարկներ կատարելու նպատակով հանձնաժողովը տնտեսավարողներից մանրամասն տեղեկատվություն է պահանջել, և ուսումնասիրությույուններն այս պահին ընթացքի մեջ են:

 

«Այնուհանդերձ, նախնական ուսումնասիրության արդյունքներով դրամի կտրուկ արժեզրկումը շատ լուրջ ազդեցություն է թողել գների մակարդակի վրա, և փոխարժեքի կայունացումից հետո գները մեծ չափով նվազել են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Շաբոյանը:

 

Նա լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հանձնաժողովը մոնիթորինգ է իրականացնում Երևանի խոշոր սուպերմարկետներում: Մսամթերքի, ընկույզի և այն ապրանքաշուկաների մասով, որտեղ բազմաթիվ տնտեսավարողներ են գործունեություն իրականացնում, և շուկաները մրցակցային են, հանձնաժողովը գների վերահսկման գործառույթ չունի:

 

Կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարել էր, որ փոխարժեքի շուկան կայունացել է, գները' նվազել: