Ադրբեջանի առաջնորդ կրտսեր Ալիեւը իր հոր' Ալիեւ ավագի անունով «Հեյդար» կոչված մզկիթ է հիմնել Բաքվում: Այդտեղ նամազից հետո նա հայտարարել է, որ ցանկանում է նամազ անել նաեւ Շուշիի եւ Երեւանի պարսկական մզկիթներում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Հեյդարացված» Ադրբեջանի առաջնորդը հոր անվան մզկիթի (երեւի Իլհամը ԽՍՀՄ-ի ԿԳԲ-ի նախկին աշխատակից Հեյդարին արդեն դասել է մահմեդական սրբերի շարքը) բացման արարողության ժամանակ արդեն 20 տարի կրկնած մի քանի այլ երազանքներ էլ է արտահայտել: Օրինակ' նա ասել է, որ երազում է «վերադարձնել» Ղարաբաղը, երազում է, որ «ադրբեջանցիներ բնակվեն ոչ միայն Ղարաբաղում, այլ նաեւ Երեւանում, Գեյչայում (երեւի նկատի ունի Գավառը), Զանգեզուրում»: Նա ասել է, որ իր երազանքն իրականացնել թույլ է տալիս «ուժեղ ադրբեջանական բանակը, տնտեսությունը», իր & laquo;միջազգային դիրքը»:
«Այդ պատճառով մենք պետք է աշխատենք, ավելի ակտիվ չարչարվենք, յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր տեղում ներդրում կատարի ընդհանուր գործի մեջ: Վստահ եմ, որ կգա օրը, եւ մենք միասին նամազ կանենք Շուշիի մզկիթում», -երազել է նա:
Դե ինչ, երազել միշտ էլ կարելի է: Բայց, ինչքան կարելի է Ադրբեջանի «համազգային առաջնորդի» զավակին թողնել երազել: Ուստի, նա կարող է որպես զբոսաշրջիկ այցելել Շուշի եւ Երեւան ու ինչքան ուզում է նամազ անել պարսկական մզկիթներում, որոնք, ի տարբերություն Ադրբեջանում ավերված կամ «ալբանացված» բոլոր հայկական եկեղեցիների եւ Բաքվում գրադարանի վերածված հայկական եկեղեցու, պահպանվում եւ գործում են որպես մզկիթ:
Ինչ մնում է «ուժեղ ադրբեջանական բանակին», ապա նրա «ուժեղությունը» ե՛ւ ադրբեջանական ժողովուրդը, ե՛ւ միջազգային հանրությունը տեսան ղարաբաղյան բանակի դիրքապահների վրա այդ «բանակի» օգոստոսյան դիվերսիաների եւ արտագրոհների ժամանակ, երբ այդ «ուժեղ բանակը» խայտառակ պարտություն կրեց եւ, մեծ կորուստներ տալով, հետ շպրտվեց ու մինչ օրս դեռ ուշքի չի եկել: Տեսան նաեւ թիկունքից խոցված ուսումնավարժական անզեն հայկական ուղղաթիռի անձնակազմի մարմինները դեպքի վայրից կայծակնային հատուկ գործողությամբ դուրս բերելու ժամանակ, երբ ի րենք էլ չհասկացան, թե ինչ եւ ինչպես տեղի ունեցավ: Տեսնում են նաեւ ամեն օր, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի Հանարապետության պաշտպանական բանակը արժանի պատասխան տալիս իրենց կեղտոտ արտագրոհներին: