Հայ եկեղեցում Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 29-ի երեկոյից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով qahana.am-ը, հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն' օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին:
Հետագայում' տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի' Ս. Ծննդյան նախընթաց պահքին: Պահեցողները պահքի շրջանից դուրս են գալիս հունվարի 5-իերեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը:
Կամ պահքից դուրս են գալիս հունվարի 6-ին՝ Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»: