«Իսլամական պետությունը» Սիրիայից և Իրաքից գողացված թանկարժեք իրերը, որոնց արժեքը տասնյակ միլիոնավոր դոլարների է հասնում, վաճառում են Արևմուտքի, այդ թվում' Մեծ Բրիտանիայի հավաքածուներ կազմող մարդկանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, տեղեկությունը հրապարակել է Times-ը թերթը: «Որպեսզի գնորդների հետ կապ հաստատեն, ԻՊ-ի անդամները օգտագործում են իրենց կապերը»,- նշել է Բելգիայի ոստիկանապետ Վիլլի Բրյուգմանը: Նրա խոսքով' ապստամբները թալանել են ավելի քան հազար պատմական վայրեր, տաճարներ:

 

Համաձայն ստացված տեղեկությունների՝ ավարը տեղափոխվում է գաղտնի ուղիներով, որտեղով իրականացվում է նավթի և զենքի տեղափոխումը:

 

Իրաքյան հատուկ ծառայությունների տեղեկություններով միայն սիրիական Ան Նաբակ քաղաքում մի քանի քրիստոնեական սրբավայրերի թալանի արդյունքում ապստամբները ստացել են մոտ 140 միլիոն դոլար:

 

ԻՊ կազմակերպությունը ձևավորվել է 2006 թ.-ին' այժմ ընդգրկվելով 80 երկրի մոջահեդների: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: