Արցախում անցկացված նախագահական ընտրություններից հետո, ելնելով Արցախում ստեղծված իրավիճակի արմատական բարեփոխման, հասարակությունում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ստեղծման և սահմանադրական կարգի հաստատման գերակա հրամայականից, Արցախի քաղաքացիներից կազմված նախաձեռնող խումբը հայտարարեց «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժում ստեղծելու մասին: Նոր քաղաքացիական շարժման նախաձեռնողների թվում էին Վիտալի Բալասանյանը' ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Մասիս Մայիլյանը' ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, Գեղամ Բաղդասարյանը' Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, Գրիգորի Հայրապետյանը՝ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, Վահան Բադասյանը' ԼՂՀ ԱԺ պատգամավոր:

«Առաջին լրատվական»-ը շարժման նախաձեռնող, քաղաքական գործիչ Վիտալի Բալասանյանի հետ զրուցեց շարժման աշխատանքների, հետագա անելիքների շուրջ: Բալասանյանի կարծիքով՝ Արցախում այսօր չափազանց կուսակցականացվելու անհրաժեշտություն չկա, ուստի նման ֆորմատով շարժում ստեղծելու առավելությունն այն է, որ գաղափարների շուրջ համախմբվում են և կուսակցական ակտիվիստներ, և անկուսակցական ակտիվիստներ: Նա հստակեցրեց, որ դաշտը թողել են ազատ, որ անկախ կուսակցական պատկանելությունից, բոլոր շահագրգիռ քաղաքացիները կարողանան ընդգրկվել այդ շարժման շարքերում: Բալասանյանի համոզմամբ՝ սա ճիշտ մոտեցում է:

«Այս փուլում կենտրոնացած ենք կազմակերպչական աշխատանքների վրա, չենք իրականացնում աշխատանքներ լրատվամիջոցների հետ, մենք մեր ակտիվների հետ ենք հանդիպում, կազմակերպչական հարցեր ենք քննարկում: Մենք շտապելու խնդիր չունենք, ուսումնասիրություններ ենք իրականացնում, քննարկումներ ենք անում, բյուջե ենք ընդունել, վերլուծություններ ենք կատարում, իսկ հետո կսկսենք լրատվամիջոցներին տեղյակ պահել' ինչ ենք անում»,- ներկայացրեց քաղաքացիական շարժման ներկայումս կատարվող աշխատանքները: Նա ընդգծեց, որ կազմակերպչական աշխատանքներից հետո անցնելու են իրենց նպատակների իրագործմանը, հիմնական նպատակը Ղարաբաղի խնդիրն է. «Պետք է ունենանք միացյալ Հայաստան: Վստահ եղեք՝ ցանկացած քաղաքական ճանապարհ անցնելուց հետո պետք է ունենանք մեկ, միացյալ Հայաստան, սա է խնդիրը: Մեզ հուզում է նաև մեր ժողովրդի անվտանգությունը, հարցականի տակ է թե մեր տարածքը, թե մեր անվտանգության խնդիրը, իսկ հետո նաև սոցիալական հարցերի ուղղությամբ քայլեր կձեռնարկենք, սակայն այսօր ժողովրդի պահանջը Ղարաբաղի հարցի լուծումն է՝ մեկ միացյալ Հայաստան»:

Անդրադառնալով Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցին, որում Ղարաբաղը փոխել էր դիրքը՝ անազատից մասամբ ազատի, ասաց, որ ուշադիր կարդացել է կազմակերպության տված գնահատականները: Նա ևս կարգավիճակի փոփոխությունը պայմանավորեց Արցախում կայացած նախագահական ընտրություններով : «Այս գնահատականները մեզ բոլորիս պարտավորեցնում են»,- նշեց նա:

Խոսելով նաև Ղարաբաղում ձևավորված նոր քաղաքական կուսակցության մասին՝ ասաց, որ ժողովուրդը իրավունք ունի ձևավորել նոր քաղաքական ուժեր: «Ես կարծում եմ, որ մեր երիտասարդությունը պետք է շատ գործ անի աշխատի, որովհետև Ղարաբաղում քաղաքական դաշտ չկա, իսկ ով պետք է զբաղեցնի այն, իհարկե' երիտասարդությունը: Ողջունում եմ այն երիտասարդների քայլերը, որոնք ցանկություն ունեն նոր քաղաքական կառույցներ ստեղծել և Ղարաբաղը քաղաքական միաբևեռությունից երկբևեռ և եռաբևեռ դարձնել»,- տեսակետ հայտնեց Վիտալի Բալասանյանը: