Հունաստանի հայ համայնքի աչալրջության շնորհիվ հնարավոր է եղել կասեցնել թուրքական «Թալեաթ փաշա» կոմիտեի բողոքի ակցիան, որն ուղղված էր ընդդեմ հայերի եւ Հայոց ցեղասպանության եւ նախատեսվում էր անցկացնել Հունաստանի խորհրդարանի շենքի դիմաց: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հունաստանում հրատարակվող «Ազատ օր» պարբերականի խմբագիր Հռիփսիմե Հարությունյանն ասաց, որ կոմիտեն բազմիցս սպառնալիքներ է ուղղել տեղի հայ համայնքին եւ մասնավորապես ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախմբին' առ այն, որ դադարեցվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ուղղված միջոցառումները:
«Հասկանալով, որ սպառնալիքներով չեն կարող խոչընդոտել համայնքի ծրագրերը, նրանք որոշեցին Հունաստանի խորհրդարանի դիմաց հանրահավաք կազմակերպել եւ դեմ արտահայտվել Հունաստանի խորհրդարանի ընդունած որոշմանը, համաձայն որի' հայերի, հույների եւ Փոքր Ասիայի քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության ժխտումը կունենա քրեական պատիժ»,- ասաց Հռիփսիմե Հարությունյանը' հավելելով, որ կոմիտեի անդամները նախատեսել էին հանրահավաք կազմակերպել Աթենքի կենտրոնական Սինդաղմա հրապարակում, որտեղ գտնվում է նաեւ խորհրդարանի շենքը:
«Հանրահավաքին մասնակցելու նպատակով Թուրքիայից ինքնաթիռով Հունաստան էին եկել կոմիտեի անդամները' Իսմայիլ Հաքը Բեքինի գլխավորությամբ: Վերջինս նախատեսում էր նաեւ խորհրդարանի շենքի մոտ մամուլի ասուլիս հրավիրել եւ իր «դժգոհությունը» հայտնել նաեւ լրատվամիջոցներին»,- ասաց Հարությունյանը:
ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախմբի մի քանի տասնյակ անդամներ նախատեսված ժամին այցելել են խորհրդարանի շենք' նպատակ հետապնդելով ոչ միայն կանխարգելել հունական ժողովրդավարության դեմ անցկացվելիք հանրահավաքը, այլեւ հրավիրված լրատվամիջոցներին ներկայացնել իրականությունը:
Սակայն թուրքական կողմը վերջին պահին հրաժարվել է մասնակցել հանրահավաքին: ««Թալեաթ փաշա» կոմիտեի անդամները, որ արդեն ժամանել էին Աթենք, տեղեկացել էին, որ տեղի հայությունը ներկա է գտնվելու հրապարակում: Նրանք հասկացել էին, որ չեն կարողանա հակազդել հայկական կողմի փաստարկներին ու չեն կարողանա իրագործել իրենց սպառնալիքները եւ փոշմանած ետ էին վերադարձել օդանավակայան, մեկնել Թուրքիա»,- ասաց Հարությունյանը:
Սեպտեմբերին 54 կողմ, 42 դեմ և 3 ձեռնպահ քվեարկությամբ Հունաստանի խորհրդարանը քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: Վեց կետից բաղկացած «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագիծը դրամական խոշոր տուգանք և ազատազրկում է նախատեսում հայերի, հրեաների և պոնտոսի հույների ցեղասպանությունը ժխտողների համար: Օրինագծով Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածն անվանվել է Հայոց ցեղասպանություն, ապրիլի 24-ը ճանաչվել Հիշատակի օր: Այս կերպ Հունաստանը Շվեյցարիայից ու Սլովակիայից հետո երրորդ երկիրն է, որը քրեականացրել է ցեղասպանության ժխտումը:
Հասմիկ Հարությունյան