Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ճակատագրական սխալ է գործել՝ չափավոր ընդդիմությանը քաղաքական բարեփոխումների մեջ չներառելով։ Այս մասին, РИА Новости գործակալության փոխանցմամբ, այսօր հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Նախագահ Ասադը սխալվել է քաղաքական բարեփոխումներ անցկացնելիս: Նա պետք է ամեն բան շատ ավելի արագ իրականացներ՝ իր կողմը քաշելով չափավոր ընդդիմության այն հատվածին, որը պատրաստ էր նրա հետ մի սեղանի շուրջ նստել: Դա նրա զգալի սխալն է, հնարավոր է՝ նույնիսկ ճակատագրական», - հայտարարել է Մեդվեդևը:

«Ինձ թվում է, ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս այն պահպանելու հնարավորությունները պակասում են: Սակայն ևս մեկ անգամ կրկնում եմ' դա պետք է սիրիացի ժողովուրդը որոշի, և ոչ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, կամ որևէ այլ երկիր», - ավելացրել է վարչապետը:

Մեդվեդևը պատմել է, որ մեկ անգամ Սիրիայում եղել է և, ի տարբերություն այն ամենի, ինչ նա տեսել է այլ Արաբական երկրներում, դա «ամենահանգիստ, ամենաբաց և ամենաքաղաքակիրթ երկիրն էր»: «Չնայած, անկասկած, խիստ պետություն էր, որում կանխարգելվում էր բացարձակապես ամեն տեսակ քաղաքական ակտիվություն», - պատմել է ՌԴ վարչապետը:

«Ես անձամբ զանգահարել եմ Ասադին և ասել' բարեփոխումնե՛ր անցկացրեք, նստե՛ք բանակցությունների սեղանի շուրջ: Եվս մեկ անգամ կրկնում եմ' իմ կարծիքով, ցավոք, Սիրիայի ղեկավարությունը դրան անպատրաստ գտնվեց», - նշել է նա:

ՌԴ կառավարության ղեկավարի կարծիքով՝ միջազգային հանրության համար ներկա պահին ամենակարևորն ազգային հաշտեցման գործընթաց ապահովելն է, քանի որ, հակառակ պարագայում, Սիրիայում բռնությունները կշարունակվեն:

«Կամ այդ ազգային հաշտեցման գործընթացն է, որն իրականացվում է միջազգային հանրության հսկողության տակ, կամ դա անվերջ քաղաքացիական պատերազմ է, երրորդ տարբերակ չկա», - նշել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է այդ գործընթացին մասնակցել:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որ ներկայիս քաղաքական էլիտան դուրս շպրտվի ռազմական գործողությունների արդյունքում», քանի որ «այդ պարագայում Սիրիայում քաղաքացիական պատերազմը տասնամյակներ չի դադարի»՝ Ասադի հետ կամ առանց նրա: