ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վերջակետ դրեց խոսակցություններին, թե ինչու Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի փոքրիկի հարազատներին չէին թույլատրում մտնել հիվանդասենյակ, իսկ ռուս լրագրողները մուտք էին գործում: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հիվանդասենյակը գտնվել է մշտական վերահսկողության ներքո, և ռուս լրագրողները նույնպես երեխային նկարահանել են ապակու ետևից: «Այն ուշադրությունը, որին արժանացել էր այդ երեխան, միանշանակ պարզ և բացատրելի էր: Ներհիվանդանոցային այցելությունները գտնվում էին խիստ վերահսկողության ներքո և ես այսօր զավեշտալի եմ համարում այդ հարցը: Մեր ամբողջ պայքարն ուղղված էր երեխայի կյանքը փրկելուն.. »,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մուրադյանը:
Նրա խոսքով՝ իրենց պայքարը նաև լրատվամիջոցների հետ այն էր, որ մեկ աղբյուրից օգտվեն ռեպորտաժները պատրաստելիս ու մշտապես չհերթապահեն հիվանդասենյակի մուտքի մոտ, չփորձեն տեսախցիկներով մուտք գործել սենյակ:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև' յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելոÖ ‚ փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: