ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է իսպանական «Գլոբալ Դեզառոլոս և Ինժեներիա» ընկերության փոխնախագահ Անտոնիո Լուկեի գլխավորած պատվիրակությանը: Ընկերությունը մասնագիտացած է գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացման և ագրոբիզնեսի կազմակերպման ոլորտում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարևորել է համագործակցության ծավալումը և գյուղատնտեսության ոլորտում իսպանական հարուստ փորձի կիրառումը: Կազմակերպության փոխնախագահ Անտոնիո Լուկեն նշել է, որ ընկերությունը շահագրգռված է Հայաստանում գործունեություն սկսելու և գյուղատնտեսության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու գործում:
Զրուցակիները քննարկել են հակակարկտային և ոռոգման համակարգերի կատարելագործման, ինչպես նաև ագրոբիզնեսի կազմակերպման ուղղությամբ ծրագրերի իրականացման հեռանկարները:
Պատվիրակության այցի շրջանակում նախատեսվում է Փոխըմբռնման հուշագրի ստորագրում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և իսպանական իսպանական «Գլոբալ Դեզառոլոս և Ինժեներիա» ընկերության միջև, որով կողմերը կվերահաստատեն համագործակցություն ծավալելու և համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը: