Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը իր կողմից ստեղծված ծիծաղելի «սեւ ցուցակում» ներառել է «Ազատություն» ռադիոկայանի (Radio Free Europe/Radio Liberty) ադրբեջանական ծառայության աշխատակից Մարգո Բուֆին' այն բանի համար, որ նա այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, Ադրբեւանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը APA-ին հայտնել է, որ Մ.Բուֆին այդ ցուցակում որպես Ադրբեջանի համար «անցանկալի անձ» ներառել են ԼՂՀ «ապօրինի' առանց պաշտոնական Բաքվի թույլտվության» այցելելու պատճառով:

 

Azadligradiosu.az կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Մարգո Բուֆը 2015 թվականի հունվարի սկզբին այցելել է Արցախ եւ լուսանկարներ արել այնտեղ:

 

Հաջիեւը նշել է, որ «այդ լուսանկարների օգնությամբ «Ազադլիգ»-ը քաջալերում է ԼՂ ռեժիմին»:

 

Արցախում Մ.Բուֆի պատրաստած ռեպորտաժը «Ազատություն» ռադիոկայանը հրապարակել էր հունվարի 5-ին:

 

Ադրբեջանն արդեն մի քանի տարի է' իր «սեւ ցուցակում» ներառում եւ «անցանկալի անձ» է հայտարարում բոլոր նրանց, ովքեր «առանց Բաքվի թույլտվության» այցելում են անկախ եւ ինքնիշխան ԼՂՀ: Մինչ այժ ԼՂՀ են այցելել աշխարհի տարբեր պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստագետներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, մարզիկներ, լրագրողներ, ովքեր հետո հայտարարել են, որ Արցախ այցելելն իրենց ազատ կամքն է եւ իրենց համար միեւնույն է, թե Ադրբեջանն ինչ ցուցակում կներառի իրենց:-