ՄԱԿ-ը կոչ է արել կրկնապատկել ուկրաինական ճգնաժամի կարգավորման քաղաքական ջանքերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը:

 

«Ընդունում ենք հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված տարբեր բանավեճերի բարդությունը: Սակայն քաղաքական լուծում գտնելու ջանքերը շտապ կարգով պետք է կրկնապատկվեն»,- ասել է Ֆելթմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նա ընդգծել է, որ առաջ շարժվելու համար բոլոր կողմերը, Մինսկի պայմանավորվածությունների համաձայն, «պետք է անհապաղ վերջ դնեն թշնամանքին»: Ընդսմին, նրա խոսքով, Դոնբասի աշխարհազորայինները «պետք է հաստատեն հրադադարի ռեժիմին իրենց կողմնակցությունը»:

 

Մինչդեռ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը հերթական անգամ Ռուսաստանին եւ աշխարհազորայիններին մեղադրել է Դոնբասի իրադրությունը սրելու համար: «Ռուսաստանի վերջնական նպատակը մնում է անփոփոխ՝ ավելի շատ տարածքներ գրավել եւ ՌԴ-ի կողմից վերահսկվող տարածքի սահմանները հասցնել Ուկրաինայի խորքը»,- ասել է Փաուերը: Նրա խոսքով՝ աշխարհազորայինների սկսած հարձակումը «նախապատրաստվել է Մոսկվայում»: «Այն իրականացվում է ՌԴ-ի կողմից պատրաստված ու ֆինանսավորվող անջատականների ուժերով, որոնք օգտագործում են ռուսակա ն հրթիռները, տանկերը կամ աջակցություն են ստանում ռուսական զորքերի կողմից»,- ասել է ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը:

 

ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի ընթացքում Մոսկվայի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել նաեւ Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեեւը՝ նշելով իր երկրի տարածքում ռուսական զորքերի ներկայությունը: Աշխարհազորայիններին աջակցելուց հրաժարվելու կոչով ՌԴ-ին են դիմել նաեւ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների դիվանագետները:

 

Իր հերթին, ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Դոնբասի իրադրության սրվելը պայմանավորված է նրանով, որ Կիեւը հետեւողականորեն հրաժարվում է Դոնեցկի եւ Լուգանսկի հետ ուղղակի երկխոսություն վարել Մինսկի պայմանավորվածությունների իրագործման շուրջ: «Կիեւի իշխանությանն անհրաժեշտ է շտապ կարգով ստիպել բանակցությունների սեղանի շուրջը նստելու աշխարհազորայինների հետ»,- ընդգծել է նա: