Ժամակակակից Սիրիայում ծավալվող գործողությունները վերածվել են նոր ցեղասպանական դրսևորումների:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով իտալական Spondasud գործակալությունը, այս մասին խոսել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, ով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կոնֆերանսին մասնակցելու նպատակով գտնվում է Իտալիայում:

 

Գործակալությունը նշել է, որ եպիսկոպոս Նալբանդյանը ներկայացնում է Սիրիայի հնագույն կրոնական համայնքներից մեկը, և, ինչպես նշել է Նալբանդյանը, հայերը երբեք իրենց այստեղ չեն զգացել իբրև օտար մարմին: Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդը պատմել է Մեծ եղեռնի' մեծագույն չարիքի մասին, որի ժամանակ սպանվել են մեկ ու կես միլիոն հայ և կես միլիոն ասորի: Հայոց թեմի առաջնորդը համոզմունք է հայտնել, որ ժամանակակից Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են ոչ միայն միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հնում այդ տարածաշրջանի մարդկային ողբերգությունների վրա, այլև ցույց տալ Մերձավոր Արևելքի կանանց և տղամարդկանց մերօրյա տանջանքներն ու տառապանքները:

 

«Այսօր մեր ավելի քան չորս միլիոն համաքաղաքացիներ ապրում են Սննդի համաշխարհային ծրագրի միջոցներով, այս իրադարձությունների զոհերը ոչ միայն քրիստոնյաներն են, այլև Սիրիայի բոլոր ննակիչները»,- նշել է Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:

 

Նա այցելել է Ջենովա, որտեղ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հայկական սփյուռքի զավակներին դիմելով' Նալբանդյանն ասել է. «Մենք փոքր հոտ ենք, սակայն չենք վախենում խնդիրներից: Մենք ունենք հզոր զենք. դա մեր աղոթքներն է: Շարունակեք աղոթել մեզ համար»: