«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Գիշերը հակառակորդն Արցախի ուղղությամբ արձակել է 4500-ից ավելի կրակոց. ԼՂՀ ՊՆ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից և ՌՊԳ-7, ԳՊ-25 ու ԱԳՍ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների:
***
Մեր բանակը մշտապես յուրաքանչյուրիս հոգատարության կարիքն ունի. Մանվել Գրիգորյան
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Մեր ժողովրդի ու պետականության նորագույն պատմության մեծագույն ձեռքբերումներից մեկը Հայոց բանակն է, որը կազմավորվեց ու կայացավ երկրի և ժողովրդի համար չափազանց դժվար ժամանակահատվածում, Երկրապահ կամավորական ջոկատների հենքի վրա' կազմավորմանն ու կայացմանը զուգահեռ պատերազմելով ու ամրանալով երկրապահ հայորդիների արյամբ ու անձնազոհությամբ:
Երկապահ կամավորականության մարտնչող ոգուց և հայ ժողովրդի անկախության ձգտումից ծնված մեր բանակը մշտապես յուրաքանչյուրիս հոգատարության կարիքն ունի: Մենք պարտավոր ենք մեր բանակին վերաբերվել այնպես, ինչպես մեր հարազատ զավակին, նրա ամեն մի օրը, քայլը պահելով մեր ուշադրության կենտրոնում: «Չսիրված երեխան լավ մարդ չի դառնում»,- խոսելով բանակի մասին՝ ասում էր բանակի հիմնադիր, ԵԿՄ հավերժ նախագահ սպարապետ Վազգեն Սարգսյանը:
Յուրաքանչյուր ազգի հարատևման կարևորագուն պայմանն ու հպարտության օջախը բանակն է: Բանակում ծառայելը մեծ պարտք է, իսկ հայոց հաղթանակած բանակում, որը Հայաստանի Հանրապետության առաջին և հիմնադիր կառույցն է, ծառայելը' պատասխանատվություն է ու պատիվ:Շարունակությունն՝ այստեղ:
***
Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.
«Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, հիրավի, մարդկության պատմության ամենադաժան և ողբերգական էջերից մեկն է: Հունվարի 27-ը, որը խորհրդանշում է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրումը, Հոլոքոստի չարիքին վերջ դնելու կարևորագույն հանգրվաններից եղավ:
Հոլոքոստի զոհերի ոգեկոչումը և այդ եղեռնագործության դատապարտումը արդիական է այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում շարունակում են գլուխ բարձրացնել ազգային, ռասայական, կրոնական հողի վրա հիմնված ատելության և անհանդուրժողականության ամենատարբեր դրսևորումները, քանի դեռ չի վերացել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կրկնության սպառնալիքը:
Աներկբա ճշմարտություն է, որ ցեղասպանությունների զոհերին մոռացության մատնելը և ժխտողականությունը՝ հատկապես պետական մակարդակով, այդ ոճրագործության փուլերից մեկն է: Այն կրկնակի հանցանք է ոչ միայն անմեղ զոհերի, այլև ներկայի ու ապագայի հանդեպ: Թերևս հնարավոր լիներ կանխել Երկրորդ համաշխարհային պատերազմի քողի ներքո իրականացված ոճրագործությունները, եթե Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մարդկության դեմ իրականացված հանցագործությունները միջազգային լիարժեք դատապարտման արժանանային, իսկ դրանց պատասխանատուները կրեին արժանի պատիժ:
Վերստին խոնարհվելով Հոլոքոստի անմեղ զոհերի հիշատակի առջև՝ ցանկանում եմ զորակցություն և համերաշխություն հայտնել հրեա ժողովրդին, Հայաստանի հրեական համայնքին: Հայ ժողովուրդը, որն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, առավել քան հաղորդակից է հրեա ժողովրդի ցավին:
Վերահաստատում եմ մեր հանձնառությունը համատեղ պայքարելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ՝ «այլևս երբեք» ասելու վճռականությամբ»:
***
Մենք պարտադրելու բոլոր հնարավորություններն ունենք. Սեյրան Օհանյան
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի ասուլիսը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ հայկական զինված ուժերն իրավիճակի ճշգրիտ գնահատման նախաձեռնողականության և նոր մոտեցումների որդեգրման շնորհիվ կարողացել են ոչ միայն պաշտպանել երկրի սահմանները, այլև դառնալ բոլոր չափորոշիչներով 21-րդ դարին համապատասխանող բանակ:
Օհանյանի խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է գերռազմականացման քաղաքականությունը, իր հասարակությունում ատելություն սերմանելով հայերի նկատամամբ:
«Հակառակորդը մեկ տարվա ընթացքում և նաև այս տարի դիվերսիոն հետախուզական գործողություններ է իրականացրել, դիպուկահարների պատերազմ է իրականացնում, որոնք կրում են դիտավորյալ և պլանավորված բնույթ: Սակայն, ամենաթույլ հաջողության դեպքում, Ադրբեջանն ավելի լուրջ քայլեր կկատարեր: Նրանք լուրջ հաջողության չեն հասել, և նրանց զսպել է հայ զինվորը: Նախորդ տարի հակառակորդին հաղթեցինք բոլոր ճակատներում և մատնեցինք պարտության, ցավոք, ունենալով նաև զոհեր»,- ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Սեյրան Օհանյանը:
Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանն աննախադեպ լարվածության մեջ է պահել ՀՀ-ԼՂՀ սահմանները՝ պարտադրելով, որպեսզի հայկական կողմը քաղաքական զիջումների գնա՝ տեսնելով, որ հաջողությունների չի հասնում՝ 2015-ը սկսել է ավելի հանդուգն ու լկտի մոտեցամբ:
«Այս անգամ ևս նրանք պարտվեցին: Հայ զինվորն իր տունն է պաշտպանում, նա ազնիվ է և հայրենասեր: Մենք չենք կորցրել, մենք գտել ենք մեր իրական հերոսներին: Մենք կա՛մ պետք է պահպանենք հրադարարի պայմանագիրը, կա՛մ համապատասխան միջոցներ ձեռնարկենք պարտադրելու խաղաղություն: Մենք պարտադրելու բոլոր հնարավորություններն ունենք»,- ասաց նա:
***
Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցման առնչությամբ հայկական զինուժում եղել են պաշտոնանկություններ. Սեյրան Օհանյան
Արցախում ուսումնավարժական թռիչքի ժամանակ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցման առնչությամբ Զինված ուժերում անցկացվել է ծառայողական քննություն, եղել են պաշտոններից ազատումներ, մարդիկ տույժեր են ստացել: Այս մասին նախորդ տարվա ամփոփիչ ասուլիսում, ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Վերջինիս խոսքով՝ հարուցված է քրեական գործ, որն ընթացքի մեջ է.
«Մեղքը չափից ավելի ոչ թե ուղղաթիռի անձնակազմինն է, որը պլանային ուսումնավարժական թռիչք է կատարել՝ փոքր շեղումով, այլ հակառակորդինն է, որը, խախտելով հրադադարը, խոցել է ուղղաթիռը»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Զոհվել էին անձնակազմի երեք անդամները՝ անձնակազմի հրամանատար՝ մայոր Սերգեյ Սահակյանը, զինծառայողներ՝ լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:
***
Ադրբեջանը երբեք չի պաշտպանել ԼՂ հակամարտության կարգավորման միջազգային սկզբունքները. Էդվարդ Նալբանդյան
Հայաստանը բազմաթիվ անգամ վերահաստատել է իր հանձնառությունը' միջազգային իրավունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը հասնելու հարցում:
Այս մասին հունվարի 27-ին Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների բանակցությունների ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հակամարտության կարգավորման համար կան միջազգային սկզբունքներ, որոնք են ուժի և սպառնալիքի չկիրառումը, ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը: Հայաստանը բազմիցս վերահաստատել է իր պատրաստակամությունը միջազգային այս նորմերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նալբանդյանը:
ՀՀ ԱԳ նախարարը միևնույն ժամանակ ընդգծեց, որ Ադրբեջանն, ընդհակառակը, երբեք չի պաշտպանել վերը նշված սկզբունքները, ինչն էլ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններում առաջընթաց չլինելու պատճառ է հանդիսանում:
Նախարարը նկատեց, որ ադրբեջանցի պաշտոնյաները տարբեր հարթակներից տարբեր ելույթներ են ունենում՝ ելնելով իրենց համար նպատակահարմարությունից և արհամարհելով միջազգային հանրության կոչերն ու քննադատությունը: «Երբ միջազգային տարբեր կազմակերպություններ քննադատում են Ադրբեջանին, ադրբեջանցի պաշտոնյաները սկսում են նրանց մեղադրել ոչինչ չհասկանալու մեջ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ միայն իրենք են բան հասկանում»,- եզրափակեց ՀՀ ԱԳ նախարարը:
***
Սեյրան Օհանյանը բացատրեց, թե ինչու սահմանային լարվածության ժամանակ չեն դիմում ՀԱՊԿ-ին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փոխանցմամբ, Հայկական զինված ուժերն ապացուցել են, որ հանդիսանում են կայացած եւ անընդհատ զարգացող կառույց, հետեւաբար ի զորու են իրենց առջեւ դրված խնդիրն ինքնուրույն լուծել:
«Հատկապես այս վերջին տարիներին Հայկական զինուժն ապացուցել է, որ կայացած կառույց է, եւ լարվածության այս փոքր ձեւերը չեն կարող մեզ ստիպել, որ դիմենք ՀԱՊԿ-ին: Ինչի՞ համար է Հայկական բանակը, որ իր առջեւ դրված խնդիրներն այս փոքր սրացումների դեպքում չկարողանա կատարել: Հակառակորդի քանակական առավելությունը մեր վրա չի ազդում:
Որակական առումով եւ մարտական ոգով ավելի բարձր հիմքերի վրա ենք եւ մեր առջեւ դրված խնդիրները կարողանում ենք իրականացնել»,- հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Սեյրան Օհանյանը' հավելելով, որ գոյություն ունի նաեւ ՀԱՊԿ-ին դիմելու ընթացակարգ, համաձայն որի սահմանային լարվածության ժամանակ խնդիրները պետք է քննարկվեն կառավարությունում, Ազգային անվտանգության խորհրդում եւ քննարկումների արդյունքում Անվտանգության խորհուրդը պետք է որոշում կայացնի' դիմել, թե չդիմել ՀԱՊԿ-ին' գործող իրավական նորմերի շրջանակում: