Արարատյան դաշտի 5 համայնքների 10 հա հողատարածքները, որտեղ հայտնաբերվել է խաղողի վազի ֆիլոքսերա հիվանդությունը, կոչնչացվեն: Այս մասին Արմավիրի մարզում գյուղապետերի և գյուղատնտեսների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա վստահեցրեց, որ այդ այգիների տերերը կստանան փոխ հատուցում: «Ֆիլոքսերայով վարակված այգիների ոչնչացումից հետո 3 տարի չի կարելի գյուղատնտեսական նպատակներով շահագործել այդ տարածքները: Այդ ժամանակահատվածում այգետերերը փոխհատուցում կստանան կառավարության կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Կարապետյանը:
Գյուղատնտեության նախարարը նշեց, որ նախորդ տարի մարզում արտադրվել է 10 հազար տոննա խաղող, որի զգալի մասը եղել է սեղանի սորտերի: «Այդ տեսակի խաղողները ունեն արտահանման ներուժ և պահանջված են Եվրասիական տնտեսական միության տարածքում: Մենք նաև ծրագիր ենք սկսել, որով հատուկ տնկարաններում կաճեցնենք նման սորտեր, որոնք նաև ֆիլոքսերազերծ կլինեն»,- ընդգծեց Սերգո Կարապետյանը:
Նախարարի խոսքով' մարզի վարելահողերի 77.2 տոկոսը մշակվում են, այնինչ հանրապետությունում այդ ցուցանիշը միջինում 72 տոկոս է: «Այս տարի ցանկանում ենք մշակվող հողատարածքների քանակը ավելացնել ևս 2300 հեկտարով: Ցանկալի կլինի, որ ավելացվեն նաև հացահատիկային մշակաբույսերի դաշտերը: Նախորդ տարի մեր հանրապետությունում արտադրվել է 333 հազար տոննա ցորեն, որը բավարարում է բնակչության պահանջարկի շուրջ 51 տոկոսը: Այդ թիվը մինչև 2020 թվականը ցանկանում ենք հասցնել 60 տոկոսի, իսկ դրանից ավելի չենք կարող, քանի որ հողային ռեսուրսները չեն բավարարո ւմ»,- տեղեկացրեց նա:
Սերգո Կարապետյանը հավելեց, որ Արմավիրի մարզը բոլոր ցուցանիշներով գերազանցել է նախորդ տարիների արդյունքը' բացառությամբ պտղի արտադրության, որը պայմանավորված էր գարնան ամիսներին տեղի ունեցած ցրտահարությամբ: