ՌԴ մեկնող միգրանտներից շատերը տեղյակ չեն Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության շատ դրույթների մասին: Այս փաստը կարևորվեց հունվարի 30-ին «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ Գյումրում հրավիրված «Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացումների հետևանքերը Հայաստանի համար» թեմայով քննարկմանը: Քննարկան ընթացքում բանախոսները անդրադարձան ՌԴ միգրացիոն նոր օրենքներին և աշխատանքային միգրանտներին հուզող մի շարք խնդիրներին:

 

Գյումրին պատահական չէր ընտրված. ինչպես Գյումրիում, այնպես էլ ողջ Շիրակի մարզում շատ են աշխատանքային միգրանտները: «ՌԴ-ն միգրացիայի վերաբերյալ մինչ օրս հստակ ձևակերպած վերաբերմունք կամ մոտեցում դեռ չունի: Սա անընդհատ փոփոխվող գործընթաց է, որը շատ դժվար է հասկանալ»,- իր խոսքում նշեց ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը: Չնայած փոփոխու թյուններին՝ աշխատանքային արտոնագրի փոխարեն աշխատանքային պայմանագրի կնքման, և միգրացիոն օրենսդրական դաշտում բացեր դեռ շատ կան: Այս պահին բաց է մնում նաև հայ միգրանտի՝ ՌԴ մուտքի արգելքի վերաբերյալ հստակեցումը, որի մասին լիրաժեք պատասխան քաղաքացին չի ստանում: Շատ դեպքերում միգրանտը, իրեն չգտնելով ՌԴ միգրացիոն ծառայության կողմից արգելք ունեցող քաղաքացիների ցուցակում, որոշում է մեկնել ՌԴ, բայց արգելքի մասին տեղեկանում է սահմանին, կամ օդանավակայանում:

 

Ընդհանուր առմամբ, ինչպես քննարկման ժամանակ նշեցին բանախոսները, հայ միգրանտներին տրվող նոր արտոնությունն էական փոփոխություն չի բերելու. Ռուսաստանի գործատուն շահարգգռված չէ միգրանտին վերցնելու աշխատանքի օրինական պայմանագրով: Բացի այդ, գործատուն միգրանտի հետ պայմանգիր կնքում է առավելագույնը 1 տարի ժամկետով, իսկ ժամկետը լրանալուց հետո միգրանտին 15 օր ժամանակ է մնում՝ նոր պայմանգիր կնքելու, կամ արդեն երկրից հեռանալու: Վերջին և արդեն պարտադրված փոփոխություն է նաև սահմանը հատելու պահին միգրանտի շարժի և ֆինանսական միջոցների մասին փաստաթղթի լրացումը: Այս փաստաթղթի օրինակներն արդեն տեղադրված են համապատասխան կայքերում: «Հակառակ, կամ գրված ճանապարհից շեղվելու դեպքում, միգրանտը կարող է կրկին արգելանք ստանալ»,- իր խոսքում նշեց Գյումրու քաղաքապետարանի հասարակական կազմակերպությունների հետ կապի պատասխանատու Մկրտիչ Ճարտարյանը: Հայ միգրանտը չունի նաև իր արգելքը բողոքարկելու հնարավորություն:

 

«Մարդկանց մերժում են, չեն տալիս մուտքի արտոնագիր. այս դեպքում ու՞ր է դիմելու և ո՞ր մարմնին է բողոքարկելու քաղաքացին: ՌԴ միգրացոն կազմակերպության մերժումը բողոքարկելու համար մենք չենք կարող դիմել մեր վարչական դատարան»,- նշեց փաստաբան Թամար Յայլոյանը:

 

Արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեցող միգրանտը «ՀՀ Զբաղվածության մասին օրենք»-ով, Հայաստանում կարող է ստանալ «անմրցունակ անձ»-ի կարգավիճակ՝ օգտվելով պետական ծրագրերից, որը պետական աջակցության տրամադրումն է աշխատանք գտնելու նպատակով: Քննարկման ընթացքում, ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը, այնուամենայնիվ, խորհուրդ տվեց միգրանտներին այս տարի՝ նվազագույն հնարավորության իսկ դեպքում խուսափել ՌԴ մեկնելուց՝ ոչ միայն Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացումների, այլ նաև ՌԴ տնտեսական իրավի ճակից ելնելով:

 

 

Արմենուհի Մխոյան