Անցյալի ճանաչումը միակ ձևն է կատարված դեպքերն անցյալում թողնելու համար, որպեսզի դրանք նորից չկրկնվեն: Վենետիկի փառատոնի մրցանակակիր, գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինն այս համոզմունքը հայտնեց՝ Երևանում ներկայացնելով Հայոց ցեղասպանության մասին պատմող իր «Սպի» ֆիլմը: Կինոնկարի փակ ցուցադրությունն անցկացվեց հունվարի 30-ին «Սինեմա Սթար» կինոթատրոնում: Ֆիլմի գործողությունները տե ղի են ունենում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ և պատմում է Ցեղասպանությունը վերապրած հայ մարդու' Նազարեթ Մանուկյանի մասին, ով կորցրել է իր ընտանիքը և տարիներ անց հանկարծակի իմանում է, որ իր զույգ աղջիկները, հնարավոր, է ողջ են մնացել: Նա սկսում է երեխաների փնտրտուքները: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլք: Գլխավոր հերոսին մարմնավորել է ծագումով ալժիրցի դերասան Թահար Ռահիմը:

 

Ռեժիսոր Ֆաթիհ Աքինը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց, որ առաջին անգամ Հայաստան է եկել երևանյան միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ:

 

«Ինձ համար շատ հատուկ և նշանակալի ժամանակահատված էր: Բավական զգայուն պահ էր այն ժամանակ թուրքական ծագումով մարդու համար գալ այստեղ: Այն ժամանակ «Սպի» ֆիլմի գաղափարն արդեն ծագել էր, և նախագիծն էր ուրվագծվում, իսկ հինգ տարի անց պատրաստ ֆիլմով եմ եկել: Անկախ ամեն ինչից՝ ես ինձ խոստում էի տվել, որ պատրաստ ֆիլմով կգամ այստեղ և կատարեցի խոստումս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ֆաթիհ Աքինը: Ռեժիսորի խոսքով՝ ինքը նախորդ անգամ արդեն այցելել է Ծիծեռնակաբերդ, խոսել է Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:

 

«Մի քանի առանցք և բանալի կար այդ ֆիլմն անելիս: Հիմնական գաղափարն այն էր, որ ես, ավելի ճիշտ իմ ծնողները, սերում են մի երկրից, որտեղ խոսքի ազատության սահմանափակումներ կային և հիմա էլ կան այս թեմայի շուրջ: Ժամանակին Թուրքիայում հնարավոր չէր «ցեղասպանություն» բառն օգտագործել, հիմա էլ քիչ է հնարավոր: Բայց ես հավատում եմ խոսքի ազատությանը. դա ամենակարևոր արժեքներից մեկն է, և այն պետք է պաշտպանենք: Իմ նպատակն էր ցույց տալ, վերահաստատել, որ Թուրքիայում կա քաղաքացիական շարժում, որն աճել է հատկապես Դինքի սպանությունից հետո, և որ ցեղասպ անությունը հիշվում է և ընդունվում: Սա քաղաքացիական շարժում է, ոչ քաղաքական, և ես դրա մասն եմ, և քանի որ Թուրքիայում ժողովրդականություն եմ վայեում, մտածեցի, որ Նազարեթի պատմությունը պատմելով, ես հարցեր կառաջացնեմ և կհաստատեմ քաղաքացիական շարժման գոյությունը: Ամբողջ աշխարհում շատ մարդիկ 1915 թվականի մասին չգիտեն: Միտքն այն էր, որ եթե ֆիլմն ինչ-որ լար է շարժում քո հոգում, սկսում ես տեղեկանալ այդ իրադարձությունների մասին: Ինչո՞ւ հիշել, ինչու՞ տեղեկանալ: Դա կողմեր բռնելու համար չէ: Ես գործ չունեմ: Բ այց կարծում եմ, որ անցյալը ճանաչելն այն չկրկնելու միակ ձևն է»,- նշեց Ֆաթիհ Աքինը:

 

Նրա խոսքով՝ ֆիլմն արդեն իսկ ներկայացվել է թուրքական կինովարձույթում:

 

«Երկու տարի առաջ հնարավոր չէր լինի ցուցադրել այն, սակայն այժմ միայն Ստամբուլում չէ, որ ներկայացրել ենք: Այլ քաղաքներում էլ է ցուցադրվել: Մեր նպատակը միշտ էլ եղել է կինոնկարը տանելը և պատմությունը Թուրքիայում փոխանցելը: 18-20 տարեկան երիտասարդները ֆիլմը դիտելուց հետո, ասում են՝ մենք սրա մասին բան չենք իմացել, գնում, ճշտում, կարդում են դեպքերի մասին: Դա լավագույն արդյունքներից է, որին ֆիլմը կարող էր հասցնել»,- հայտնեց նա:

 

Ֆաթիհ Աքինը խոստովանում է՝ ֆիլմը նկարահանելիս մտածել է Ռոման Պոլանսկու «Դաշնակահարը» ֆիլմի մասին: «Ես հինգ տարի Հայոց ցեղասպանության պատմության հետ եմ անցկացրել: Այնքա՜ն բան գիտեմ, որ իմ միջով եմ անցկացրել, ու ինձ դուր եկավ ֆիմի կաֆկայական իրականությունը»,- խոստովանեց ռեժիսորը:

 

Սցենարի համահեղինակ Մարտիկ Մարդինի համոզմամբ՝ ֆիլմը շատ անկեղծ է, քանի որ անկեղծ ու իրական մարդկանց մասին պատմություն է: «Ես համարում եմ, որ սքանչելի ֆիլմ է նկարահանվել: Իրական պատմություն է այն մարդկանց մասին, ովքեր այդ ցեղասպանության ճանապարհով են անցել»,- ընդգծեց նա:

 

Դերասանուհի Արևիկ Մարտիրոսյանը վերհիշեց, որ Ֆաթիհ Աքինը հայկական ծագումով դերասաններ էր փնտրում Ֆրանսիայում, և իրենք հենց այնտեղ են ծանոթացել: «Մենք հանդիպեցինք, և հանդիպման ընթացքում հասկացա, որ նա ուզում է նկարահանել Ցեղասպանության մասին պատմող ֆիլմ: Ես մեծ հաճույքով խաղացի այս ֆիլմում»,- նշեց նա:

 

15, 5 մլն եվրո բյուջեով և 138 րոպե տևողությամբ «Սպի» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2013 թվականի մարտին և իրականացվել են Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Ֆիլմի ստեղծմանն աջակցություն է ցուցաբերել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:

 

«Սպի» ֆիլմն ամփոփում է Ֆաթիհ Աքինի «Սեր, մահ և չարք» եռապատումը: Այն ռեժիսորի առաջին մեծ միջազգային նախագիծն է, որի արտադրությանը մասնակցել է յոթ երկիր՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Թուրքիան, Ռուսաստանը:

 

Ֆիլմը հայկական կինովարձույթում կհայտնվի փետրվարի 19-ին: