Իրանի Իսլամական Հեղափոխության հաղթանակի 36-րդ տարեդարձի առթիվ Հայաստանում Իրանի դեսպանությունը կազմակերպել էր նկարների և շարադրությունների մրցույթ: Հայ և իրանցի դպրոցականներն իրենց շարադրություններում և նկարներում ներկայացրել էին երկու երկրներն իրենց պատկերացմամբ: «Իրանը և Հայաստանն իմ աչքերով» մր ցույթի արդյունքներն ամփոփվեցին հունվարի 31-ին Երևանի Կապույտ մզկիթում:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կցորդ Մաջիդ Մեշքին կարևորեց, որ մրցույթին մասնակցել են թե՛ հայ, թե՛ իրանցի երեխաներ: «Մասնակցել են Երևանի և մարզերի 10 դպրոցների աշակերտներ, ովքեր սովորում են պարսկերեն: Թեման էր «Իրանը և Հայաստանը իմ աչքերով»: Հայ երեխաները նկարել են Իրանը, իսկ պարսիկ երեխաները՝Հայաստանն իրենց պատկերացմամբ: Շատ ողջունելի քայլ է: Առաջին անգամ է, որ նման ձևաչափով միջոցառմանը մասնակցում են երկու երկրների երեխաները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մաջիդ Մեշքին:
Նրա խոսքով՝ առաջիկայում կանցկացվեն միջոցառումներ, որոնց ընթացքում կնշվի Իրանի Իսլամական հեղափոխությունը: «Կարծում եմ, շատ հաճելի է, որ նման միջոցառմամբ է բացվում այս գեղեցիկ տոնը»,-հավելեց նա՝ նշելով, որ ավելի քան 100 երեխա է մասնակցել այս մրցույթին:
Պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ՝ լավագույն շարադրության համար մրցանակ ստացավ Վարսենիկ Պողոսյանը, իսկ լավագույն նկարի համար՝ Ֆաթիմա Մահմադին: