Հայաստանում աշխատանք փնտրողների քանակը ավելացել է 12.2 տոկոսով և 2014 թվականին կազմել 72.6 հազար անձ: Աշխատանք փնտրոնղերից 51.2 հազարը կանայք են, 16.9 հազարը' երիտասարդներ: Այս մասին լրագրողների հետ հանդպմանը տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը: Նրա խոսքով' աշխատանք փնտրողների 91.4 տոկոսը գորազուրկներ են: «Աշխատանք փնտրողների շարքում գործազուրկների թիվը կազմել է 65.9 հազար անձ, նրանց թվում շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է 71.8 տոկոս կամ 47.3 հազար մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գորազուրկների 23.7 տոկոսը կամ 15.6 հազար մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք 2100-ն են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Մանգասարյանը:
Զբաղվածության պետական գործակալության ղեկավարի խոսքով' գործազուրկների թվում 14.3 տոկոսը բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողներն են: «Առավել մեծ թիվ են կազմում ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցող գործազուրկները: Նրանք կազմում են ամբողջ գործազուրկների 50.3 տոկոսը, իսկ մասնագիտական կրթություն ունեցողները' 6.2 տոկոսը: Մասնագիտական կրթություն ունեցող անձանց մեջ մեծ թիվ են կազմում ճարտարագետները, մանկավարժները, բուժքույրերը, տեխնիկները, ֆինանսիստները, տնտեսագետները և այլ մասնագիտացում ունեցողները»,- ասաց նա:
Գործազուրկների թվում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը կազմում է 55.2 հազար անձ կամ 83.8 տոկոս: Ըստ տարիքային ցենզի' գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 23.7 տոկոս, 33-44 տարեկանները' 38.9 տոկոս, 45-54 տարեկանները' 21.4 տոկոս, 55-ից բարձր տարիիքի անձինք' 16 տոկոս: