Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը հաջորդ շաբաթ կժամանի Երեւան' ստանձնելու իր պարտականությունները:
Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Twitter-ի իր էջում գրառում է կատարել ԱՄՆ դեսպանատունը:
ԱՄՆ սենատը 2014թ. դեկտեմբերի 16-ին հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլսի թեկնածությանը: Մինչ այդ Միլսը զբաղեցնում էր Բեյրութում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Նա իր դիվանագիտական ծառայությունը սկսել է 1988թ.՝ որպես հյուպատոսության աշխատակից Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպանատանը։ Ապա վերադարձել է Վաշինգտոն՝ աշխատելու Խորհրդային Միության բաժնում՝ հետագայում դառնալով նորանկախ Հայաստանի և Ադրբեջանի բաժնի ղեկավար։ Ռիչարդ Միլսը աշխատել է նաև Մալթայում, Իրաքում, Մեծ Բրիտանիայում, Սաուդյան Արաբիայում, Պակիստանում, Իռլանդիայում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելություններում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
Միլսը Հայաստանում փոխարինում է Ջոն Հեֆերնին, ով Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2011-ի աշնանից, սակայն արդեն ավարտել է առաքելությունն ու մեկնել երկրից: