Ամերիկահայ ռոք-երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Wake Up the Souls» շրջագայության գագաթնակետն է համարել երևանյան բացօթյա համերգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ asbarez.com կայքը զրուցել է Թանկյանի հետ շրջագայության և այլ հարցերի շուրջ: Նշվում է, որ շրջագայության ընթացքում համերգներ կանցկացվեն Լոս Անջելեսում, Լոնդոնում, Քյոլնում, Լիոնում, Բրյուսելում, Ամստերդամում, Մոսկվայում և Երևանում:

 

 

Սերժ Թանկյանը նշել է, որ System of a Down խումբը երբևէ հանդես չի եկել Հայաստանում, և շրջագայության երևանյան անվճար համերգը կլինի Հայոց ցեղասպանության տարելիցի պատշաճ հիշատակում:

 

 

«Մենք նաև նախատեսում ենք, որ շոուն հեռարձակվի հեռուստատեսությամբ և համացանցով, որպեսզի յուրաքանչյուրը մեզ հետ լինի Երևանի Հանրապետության հրապարակում»,-նշել է նա՝ հավելելով, որ «Wake Up the Souls»-ն իր առջև նպատակ է դրել ոչ միայն ավելացնել ցեղասպանության վերաբերյալ իրազեկումը, այլև արդարարության կոչնակ լինել: Թանկյանը ոգևորվել է թուրքական հասարակության որոշ հատվածների փոփոխությունից, որոնք «զարմանալի աշխատանք են անում՝ փորձելով այնպես անել, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի»,- ընդգծել է երգիչը:

 

 

Թանկյանը խոսել է նաև իր մեկ այլ նախագծի' նոր «1915» ֆիլմի մասին, որը կներկայացվի այս տարի: Խաղարկային ֆիլմի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը: Ֆիլմը նկարահանվել է Լոս Անջելեսում: Կինոնկարը կներկայացվի ապրիլի 24-ին:

 

 

«Ես կարծում եմ, որ «1915»-ն իսկապես շատ հետաքրքիր, եզակի դրամա է, որը վերաբերում է մի յուրահատուկ թեմայի, որը ֆիլմերում չի ներկայացվել: Ինձ համար ֆիլմն առնչվում է սփյուռքի վնասվածքի՝ կորստի հետ: Հնարավոր է, որ դա անձնական է, սակայն կորստի ուղերձը համաշխարհային է»,- նշել է Թանկյանը՝ հավելելով, որ ամիսներ աշխատել է երաժշտության վրա: Նա հույս է հայտնել, որ ֆիլմը մրցանակներ կշահի:

 

 

Թանկյանը խոսել է նաև իր անձնական կյանքի մասին: «Հայրիկ լինելը հիասքանչ է: Սա ամենակարևոր բանն է ինձ համար»,- հավելել է նա՝ փաստելով, որ իր կյանքը փոխվել է: