Հայաստանի գրողների միությունը մրցանակներ և պարգևներ հանձնեց ստեղծագործական ակտիվ գործունեություն ծավալած և աչքի ընկած գրողներին: ՀԳՄ ամենամյա մրցանակների և պարգևների հանձնման արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 6-ին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը պատվոգրեր հանձնեց նաև միության գործունեությունը լուսաբանող լրատվամիջոցների ներկայա ցուցիչներին, այդ թվում' նաև «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակցին:

 

 

ՀԳՄ նախագահն ընդգծեց, որ ամեն տարի Գրողների միությունում հանձնաժողովը քնննարկում և այնուհետև մրցանակներ է հանձնում գրողներին:

 

 

«Այն բոլոր լրատվամիջոցները, որոնք մշտապես ուշադրություն են դարձնում միության աշխատանքներին, ևս արժանանում են պարգևների: Մրցանակները մեր գրողների համար յուրահատուկ նշանակություն ունեն, որովհետև կրում են մեր մեծ գրողների անունները: Չկա մի գրող, որ չցանկանա ստանալ այդ մրցանակներից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Էդվարդ Միլիտոնյանը:

 

 

Մրցանակաբաշխության ժամանակ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակն ստացավ Հովիկ Վարդումյանը, Ավետիք Իսահակյանի անվան մրցանակը՝ Մանվել Միկոյանը: Շանթի անվան մրցանակին արժանացավ Լևոն Մութաֆյանը, Նիկոլ Աղբալյանի մրցանակին՝ Նորայր Ադալյանը: Միքայել Նալբանդյանի անվան մրցանակը հանձնվեց Ռուզան Ասատրյանին, իսկ Վախթանգ Անանյանի անվան մրցանակը՝ Նորայր Գրիգորյանին: Մի շարք գրողներ ստացան նաև Հրանտ և Մանուշակ Սիմոնյանների անվան մրցանակ: ՀԳՄ Վաստակի մեդալ ստացավ Սերգեյ Վարդանյանը:

 

 

Բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանը ևս արժանացավ Հրանտ և Մանուշակ Սիմոնյանների անվան մրցանակի: «Սա ինձ համար պատվավոր մրցանակ է: Այս տարին նշանակալից է ինձ համար, որովհետև ես վեց գիրք եմ հրատարակել: Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին և շնորհակալ եմ միությանն իմ աշխատանքը գնահատելու համար»,- նշեց նա: