Թուրքիայում հրապարակվել է «100-ամյա հոգոց. Դիարբեքիրը հավաքական հիշողության հետքերով' 1915» անվանմամբ գիրք, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրքի հղինակներ Ադնան Չելիքն ու Նամըք Քեմալ Դինչը թուրքական «Ռադիկալ»-ի հետ զրույցում ասել են, որ գրքում կենդանի վկայություններ են հավաքել 100 տարի առաջ Դիարբեքիրում (Տիգրանակերտ) հայերի կոտորածների մասին:

 

Նրանք նշել են, որ անգամ 100 տարի անց, քաղաքի ժողովուրդը հայերի կոտորածների մասին պատմում է այնպես, կարծես այդ ամենը երեկ է տեղի ունեցել: Նրանց խոսքով' Դիարբեքիրի քրդերը հայերի կոտորածները բնութագրում են որպես «ոչնչացում», «արմատը չորացնել», «ոչնչացման շրջան» եւ այլն:

 

Վկայություններում քրդերը գովեստով են խոսել հայերի ստեղծագործ ազգ լինելու, հայ մտավորականների, ակտիվիստների գործունեության, նրանց իշխանությունից օգտվելու, ինչպես նաեւ հայերի մշակույթից քրդերի ազդվելու մասին:

 

Քրդերը պատմել են, որ բոլոր կոտորածներից առաջ թուրքերը կեղծ լուրեր էին տարածում, թե հայերը պետք է հարձակվեն մզկիթների վրա եւ կոտորեն մուսուլմաններին, այն դեպքում, երբ Դիարբեքիրում հայերը նման ուժ չունեին:

 

Հեղինակները պատմել են նաեւ հետագայում, հատկապես, 1980-ականներից հետո, հայերի հետքերը ջնջելու թուրքական քաղաքականության մասին:

 

Գրքում նշվում է, որ Ցեղասպանությունից հետո փրկված հայերի մեծ մասը եղել են մուսուլմանների հետ ամուսնացած կանայք եւ հարուստ հայերի երեխաներ, որոնց պահողները հույս են ունեցել, որ կտիրանան նրանց ունեցվածքին կամ կկարողանան փրկագին ստանալ: