Ադրբեջանական կողմը շարունակում է «սուր ճոճել», այս անգամ' համացանցի միջոցով: Հերթական գլուխգործոցը, որի նպատակը հայերին «վախեցնելն է», ԱՊԱ գործակալության հրապարակումն է' «Ադրբեջանն ամբողջությամբ վերահսկում է Հայաստանի օդային տարածքը» վերնագրով: Հրապարակումը հավակնում է «հետաքննության» ժանրին:
Չկասկածելով հարեւան պետության պատրաստակամությանը' գնել ամեն ինչ, ինչ կրակում է եւ պայթում' անկախ որակից, NEWS.am-ի թղթակիցը դիմեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանին' որոշ պարզաբանումների համար: Ինչպես եւ ենթադրվում էր, ադրբեջանական գործակալության «հետաքննությունը» բավականին «յուրօրինակ լույսի» ներքո է ներկայացվել:
Մասնավորապես հողորդվում է Ադրբեջանի կողմից « EL/M-2080 Green Pine» տեսակի հակահրթիռային համակարգի ձեռք բերման մասին: «EL/M-2080 Green Pine» համակարգը կարող է հետեւել 300մ/վ արագությամբ միաժամանակ շարժվող ավելի քան 30 նպատակետի, եւ ավտոմատ հրամանով դրանք կարող են ոչնչացվել «Arrow» հրթիռով»,-տեղեկացնում է գործակալությունը:
«Թույլ տվեք իմանալ, իսկ ո՞վ ասաց, որ ադրբեջանական բանակն «Arrow» ունի: Այդ սպառազինությունը չի վաճառվում առնվազն երկու պատճառով. դա Իսրայելի գերժամանակակից սպառազինություն է, եւ գումարած դրան' ամերիկա-իսրայելական մշակում է, իսկ ԱՄՆ-ը համաձայնություն չի տա նրա վաճառքին»,-նկատեց ռազմական փորձագետը:
«Ադրբեջանական բանակը հագեցած է նաեւ S-200 «Vega»-ով, միջին հեռահարության S-300PMU-2 «Ֆավորիտով» (200 կմ հեռահարությամբ): Համեմատության համար նկատենք, որ այդ ցուցանիշով Ադրբեջանը գերազանցում է Թուրքիային' հակաօդային պաշտպանության տեսակետից»,-պարծանքով նշում է ադրբեջանական գործակալությունը: «Թղթի վրա կարելի է գրել ինչ ասես: Հայտնի՞ է S -200 հրթիռով թիրախի ոչնչացման որեւէ հայտնի դեպք, բացի Ուկրաինայի վրա «Տու-154»-ի ողբերգական ոչնչացումը: Բայց չէ՞ որ այդ համալիրը մի քանի տասնյակ տարի սպառազինված է»,-նշեց Արկադի Գրիգորյանը'ավելացնելով, որ «Ֆավորիտի»' 200 կմ հեռահարության մասին խոսակցությունները պարզապես հեքիաթ են: «Դա օճառի պղպջակ է: Աշխարհին նման տվյալներ հայտնի չեն»,-նշեց Գրիգորյանը: Միաժամանակ փորձագետն ուշադրությունը հրավիրեց ոչ պակաս կարեւոր «հանգամանքի»' ֆզիկային եւ աշխարհագրությանը: «Ֆիզիկայի օրենքներով' նման «հաջող թռիչքը' հեռահարության տեսանկյունից» անհնար է հարթավարից դեպի լեռներ պայմաններում: Դրանք հեքիաթներ են երեխաների եւ ոլորտից անտեղյակ մարդկանց համար»,-նշեց Ա. Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է «Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ վերահսկողությանը», ապա այդ պնդումը պարզապես ծիծաղելի է: «Հետեւել' չի նշանակում վերահսկել: Վերահսկելը ոչ թե նպատակը տենելն է, այլ ստիպելը, որ այդ նպատակը ենթարկվի: Այդ տրամաբանությամբ Մոզամբիկն էլ իրավունքի ունի հայտարարել, թե «վերահսկում է» ԱՄՆ-ի օդային տարածքը»,- նկատեց ռազմական փորձագետը: