Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպություն (ՇՀԿ):
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցեւը:
ՇՀԿ դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ ավելի վաղ ներկայացրել են Հայաստանը, Սիրիան, Բելառուսը եւ Բանգլադեշը:
Դմիտրի Մեզենցեւը հայտնել է, որ բոլորովին վերջերս կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու համար հայտ են ներկայացրել նաեւ Մալդիվյան Հանրապետությունը եւ Նեպալը:
«Մեզ համար շատ կարեւոր եւ թանկ են այդ դիմումները եւ կազմակերպության գործունեության նկատմամբ ուշադրությունը: Դա այն բանի ցուցանիշն է, որ կազմակերպությունը հեղինակություն է ձեռք բերել եւ ազդեցություն ունի տարածաշրջանում», -ամփոփել է Մեզենցեւը' ՇՀԿ-ն անվանելով «եզակի ու ինքնատպ միջազգային միավորում»: