Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ահաբեկչությունների իրականացման կասկածյալին կոչել են Օմար Աբդել Համիդ ալ-Հուսեյն: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով դանիական հեռուստատեսությանը:

 

Կոպենհագենի ոստիկանության տվյալներով՝ կիրակի առավոտյան իրավապահների կողմից սպանված ահաբեկիչը 22 տարեկան էր, նա մեծացել է Դանիայում և խնդիրներ է ունեցել օրենքի հետ:

 

Ենթադրյալ հանցագործը կասկածվում է «Կրուդտենդեն» սրճարանում և սինագոգում ահաբեկչությունների իրականացման մեջ: Այդ հարձակումների զոհ է դարձել 2 մարդ, ևս 5 ոստիկան վիրավորվել է: Ոստիկանության տվյալներով՝ ավելի վաղ նա պատասխանատվության է ենթարկվել զենք պահելու մասին օրենքը խախտելու և բռնության կիրառմամբ հանցագործության համար:

 

Նշվում է, որ նա կալանավայրից դուրս է եկել մոտ 2 շաբաթ առաջ, որտեղ անցկացրել է երկու տարի՝ մետրոյում դանակով հարձակման համար:

 

Կասկածյալի մոտ սպանությունից հետո հայտնաբերվել է 2 ատրճանակ: Նրա բնակարանի խուզարկության ժամանակ իրավապահները հայտնաբերել են ավտոմատ զենք, որը, հավանաբար, կիրառվել է սրճարանում հրաձգության ժամանակ: