Լիբիայում ապստամբների մոտ հնարավոր է լինեն շուրջ 35 եգիպտացի գերիներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով եգիպտական լրատվամիջոցները, նրանց մեծամասնությունը զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքներով, գերի են ընկել «Իսլամական պետության» և «Անսար աշ Շարիա» խմբավորումների ահաբեկիչների մոտ: Առևանգումը  տեղի է ունեցել եգիպտական օդուժի՝ Դերնա քաղաքի ուղղությամբ ռմբակոծությունից անմիջապես հետո: Քաղաքում, ինչպես հայտնի է, տարածվել են ԻՊ-ի ահաբեկիչները: Եգիպտացիների առևանգման լուրը հսատատում են գերի ընկած եգիպտացիների հարազատները:

 

 

Եգիպտական հեռուստատեսությունը փետրվարի 17-ին հայտարարել է, որ կառավարության ջանքերով ազատ են արձակվել եգիպտացի 21 ձնորսներ, ովքեր ձերբակալվել էին Լիբիայում: Լիբիական Մասրաթա քաղաքի խորհրդի անդամ Մուստաֆա Քրուադը փետրվարի 16-ին հաստատել էր, որ Լիբիայում ձերբակալված 114 եգիպտացիներն ազատ կարձակվեն:

 

 

Նրա խոսքով եգիպտացիներից 47-ը ձերբակալվել են անօրինական ճանապարհով ներգաղթելու համար, մի մասն առանց թույլտվության ձկնորսություն կատարալու պատճառով, ևս 53 եգիպտացիներ ձերբակալվել են Զաուիա քաղաքում, ովքեր նույնպես ազատ կարձակվեն:

 

 

Եգիպտական օդուժը ռազմական գործողություններ է սկսել Լիբիայում ԻՊ-ի դեմ այն բանից հետո, երբ ահաբեկչական կազմակերպությունը համացանցում տարածել էր եգիպտացի 21 քրիստոնյաների սպանության տեսանյութը:

 

 

Լիբիայի օդային ուժերի ղեկավար Սակր ալ Ջարուշին հայտարարել է, որ հարվածներ են ուղղվել Դարնայում ահաբեկիչների հենակետերի ուղղությամբ: Նրա խոսքով մոտ 150 ահաբեկիչներ են սպանվել: Սպանված ահաբեկիչների թվում նաև ԻՊ-ի ղեկավարներ են եղել: