Հալեպում և արվարձաններում մի քանի օր շարունակ սիրիական բանակը զինվորական ծանր գործողություններ է իրականացրել զինված խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջաններում:

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Մինչ սիրիական բանակը նկատելի առաջընթաց է արձանագրում հյուսիսային և արևմտյան արվարձաններում, զինված ահաբեկչական խմբավորումները թիրախ են դարձնում քաղաքի խաղաղ բնակչությանը: Փետրվարի 17-ին հրթիռակոծվել են քաղաքի տարբեր շրջաններ: Հրթիռակոծման թիրախ են դարձել մեծ մասամբ քրիստոնյա և հայաբնակ Ազիզիե թաղամասի «Ֆորեսթալ» սրճարանի մերձակա տարածքները, ինչպես նաև քաղաքի կենտրոնում գտնվող Բոսթան Գլապ վաճառախանութների շրջանը: Վերոնշյալ շրջանը 5 հրթիռի թիրախ է դարձել: Շրջանի վաճառախանութների մեծամասնությունը հայերի են պատկանում: Հրթիռներից մեկն ընկել է արհեստավորի խանութի վրա, բայց, բարեբախտաբար, չի պայթել, մեկ այլ հրթիռ' «Հարամ» ընկելության մոտ: Հրթիռակոծվել են նաև Մոկամպո, Թիշրին թաղամասերը:

 

Արձակված հրթիռների պայթյունի հետևանքով կան 8 զոհ և 36 վիրավոր: Պայթյունները ծանր նյութական վնասներ են պատճառել. ավերվել են բազմաթիվ, բնակարաններ և խանութներ, այրվել մեքենաներ:

 

Ավելի վաղ՝ փետրվարի 16-ին, Հալեպի Սըրյան ալ Ատիմ թաղամասում հրթիռներ ընկնելու հետևանքով բազմաթիվ զոհեր և վիրավորներ էին արձանագրվել: