Ռումինական Activenews լրատվական ծառայության կայքում փետրվարի 16-ին լույս տեսած հոդվածում Ռըզվան Կոնստանտինեսկուն/Razvan Constantinescu Ռումինիայի ԿՀԱԴՊՎ կողմից հայազգի սենատոր Վարուժան Ոսկանյանի դեմ ծավալված արշավում թուրքական հետք է տեսնում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' անդրադառնալով Ոսկանյանի անունը «կոռուպցիայի» հետ կապող լուրերին, հեղինակը հիշեցնում է, որ Ռումինիայի օրենսդիր մարմինը երկրորդ անգամ անընդմեջ պաշտպանում է Ռումինիայի Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանին միեւնույն մեղադրանքից և հարցնում, թե ինչ կոռուպցիայի մասին է խոսքը, եթե հայազգի սենատորի դեմ գործը վարում է ԿՀԱԴՊՎ-ն եւ ոչ թե Ազգային հակակոռուպցիոն գործակալությունը:
Հեղինակը հիշեցնում է, որ «հասարակական թիվ մեկ վտանգ» հռչակված Վարուժան Ոսկանյանը վերջին հինգ տարիներին ոչ մեկին չի անհանգստացրել, մինչդեռ ԿՀԱԴՊՎ-ն, նախագահությունը, կուսակցական գործընկերներ, ձախողակ գրողներ, մաս-մեդիան Ոսկանյանի դեմ են ելել, կարծես նրանից է կախված իրենց կյանքը»:
Այնուհետև, Ռըզվան Կոնստանտինեսկուն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Ոսկանյանի վերջին տարիների հիմնական գործը եղել է «Շշուկների մատյան» վեպը, որն ստացել է բազմաթիվ մրցանակներ, թարգմանվել մոտ երկու տասնյակ լեզուներով, և այս տարի, երբ լրանում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյակը, սենատորի գիրքը դարձել է ցեղասպանության ճանաչման խորհրդանիշ»:
Գրքի 7-րդ եւ 8-րդ գլուխները, որոնք նկարագրում են այդ դեպքերը, Բեռլինի գրականության միջազգային փառատոնի եւ Lepsiushaus Postdam-ի նախաձեռնությամբ ընտրվել են Համաշխարհային ընթերցանությունների օրը ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու համար: Այդ նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել Նոբելյան մրցանակակիրներ Օրհան Փամուկը/Orhan Pamuk, Հերթա Մյուլլերը/Herta Müller, Էլֆրիդե Յելինեկը/Elfriede Jelinek, Մարիո Վերգաս Լյոսան/Mario Vargas Llosa, Ջոն Մ. Կոետցեն/John M. Coetzee, ինչպես նաեւ մշակույթի եւ գրականության համաշխարհային այլ անուններ' Նոամ Չոմսկին/Noam Chomsky, Նորման Մնեան/Norman Manea, Դավիդ Գրոսմանը/David Grossman, Բեռնարդ Նոելը/Bernard Noel, Մայքլ Օնդաատյեն/Michael Ondaatje, Էլիֆ Շաֆակը/Elif Shafak եւ հարյուրավոր այլք:
«Արդ, ով է շահագրգռված Վարուժան Ոսկանյանի վարկը ոչնչացնելու մեջ»,- հարցնում է հոդվածագիրը, եւ հեգնորեն ամփոփում. «Կեցցե ՆԱՏՕ-ի շրջանակներում Ռումինիայի եւ Թուրքիայի գաղտնի ծառայությունների հավերժ համագործակցությունը»: