Եմենի հակամարտող կողմերը համաձայնության են եկել ստեղծել անցումային խորհուրդ երկիրը ղեկավարելու և քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Եմենի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ջամալ բն Օմարը:

 

Անկախ նոր խորհրդի ձևավորումից' կպահպանվի 301 անդամ ունեցող խորհրդարանը:

 

Նրա խոսքով' առաջընթացը չի նշանակում վերջնական համաձայնություն, սակայն սա ճանապարհ կհարթի համընդհանուր համաձայնության համար:

 

Նման քայլեր ձեռնարկվել են այն բանից հետո, երբ շիա ապստմաբները գրավել են պետական կառույցներ և ստիպել են նախագահին հրաժարական տալ:

 

Ավելի վաղ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը շիա ապստամբներից պահանջել էր անհապաղ ազատել պետական կառույցները և նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ կարգավորելու սրված ներքաղաքական ճգնաժամը:

 

Եմենն այժմ գտնվում է շիա ապստամբների ձեռքում: